Ռուսաստանի Դաշնության դատախազության ներքո գործող քննչական կոմիտեն դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցածը որպես զանգվածային անկարգություն է որակել, այնինչ քրեական գործը ՌԴ Քրեական օրենսգրքի 212 հոդվածի ամենամեղմ մասով է հարուցվել, գրում է Коммерсант թերթը:
Իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու և զանգվածային անկարգություններ հրահրելու կոչերը, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը, ըստ այս հոդվածի երրորդ մասի, ենթադրում են 4 ամսից մինչև 4 տարի ազատազրկում: Սակայն հոդվածի առաջին մասը, որը վերաբերում է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, որն ուղեկցվում է բռնությամբ` ավեի խիստ պատիժ է սահմանում` մինչև 10 տարի ազատազրկում:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով` գործ է հարուցվել նաև թշնամության կամ ատելության ձևավորման, մարդու արժանապատվությունը ոտնահարելու հոդվածով:
Շատ խիստ պատիժ ստանալու համար ակցիայի մասնակիցները պետք է զանգվածային բռնություն իրականացնեին քաղաքացիների նկատմամբ, զենք կամ պայթուցիկ նյութեր օգտագործեին և ակտիվորեն պայքարեին ոստիկանական ուժերի դեմ: Մանեժնայա հրապարակի գործով զբաղվող քննիչներն այն կարծիքին են, որ ոչ մի նման դեպք չի եղել. ակցիան անցել է միայն անկարգությունների մղող կոչերով:
Ինչ վերաբերում է կովկասցիների վրա հարձակում գործելու և նրանց ծեծի ենթարկելու փաստին, ապա դատախազությունում այն կարծիքին են, որ բռնության մասնակի իրագործում է տեղի ունեցել: Քննչական վարչությունը եկել է այն եզրակացությանը, որ ազգամիջյան հողի վրա իրականացված բռնությունները տարերային բնույթ են կրել և ամբոխին ոչ ոք չի կառավարել: