Ամենևին չի բացառվում, որ գալիք տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ընդդեմ Հայաստանի Հանրապետության առաջին գործը, գրում է օրաթերթը:
Երեկ «Առավոտին» հայտնի է դարձել, որ մարդու իրավունքների եվրոպակլան դատարանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված ու դատապարտված, նախկին քաղբանտարկյալ ու միայն վերջերս «վաղաժամկետ պայմանականով» ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի գանգատը քննելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում հայրենի ուժայինների կողմից կազմակերպված ջարդից անմիջապես հետո : Նա ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվելիս, և արդեն բաժնում բռնության էր ենթարկվել: Նրան 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամի չափով տուգանքի էին դատապարտել, իբր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» և ապօրինի կերպով սառը զենք պահելու համար:
Մուշեղ Սաղաթելյանի գանգատը ՄԻ եվրոպական դատարանում գտնվում է քննարկման նախնական փուլում: Երեկ «Առավոտին» այդ մասին ասաց ՄԻԵԴ –ում Սաղաթելյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջինիս ասելով, սկսվել է ՄԻԵԴ-ի` ՀՀ կառավարության հետ, այսպես ասած, «հաղորդակցվելու փուլը. ասել է թե` ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը Սաղաթելյանի գանգատի հետ կապված հարցադրումներ է ուղարկել նախ` տեղեկացնելու դիմումի առկայության մասին, ապա և դրանում եղած հանգամանքների վերաբերյալ կառավարության պարզաբանումները ստանալու նպատակով:
Այդ հարցին կառավարության կողմից պատասխաններ տրվելուց հետո դրանց վերաբերյալ դիրքորոշում և առարկություններ ներկայացնելու հնարավորություն ԵԴ-ն կտա նաև Սաղաթելյանին և նրա փաստաբանին: Այս գրագրությունների փուլն ավարտելուց հետո միայն դիմումատուն` Սաղաթելյանը, հնարավորություն կունենա ներկայացնել բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի և ծախքի պահանջի մասին դիմում: