Այսօր «Օջախ» ռեստորանում «մեկնարկում» է ՀՀԿ-ականների` ամանորյա «քեֆերի» շարքը, տեղեկացնում է օրաթերթը:
Ժամը 18:00-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռեստորանում են հավաքվելու ՀՀԿ-ականները: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերով նախատոնական «քեֆին» կմասնակցեն նաև «կոալիցիոն գործընկերները»: Հրավիրյալների շարքում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս կմասնակցեն հավաքին. բացառված չէ, որ ՀՅԴ խմբակցության վերնախավը ևս կընդունի հրավերը: Երեկ Ազգային Ժողովում խոսակցություններ էին շրջանառվում, համաձայն որոնց` «քեֆի սեղանների» շուրջ հստակ կլուծվի ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության կամ չհամագործակցության հարցը:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պնդելու է իր առաջարկը` ուղղված Գագիկ Ծառուկյանին, այն է` ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը հանձնել ՀՀԿ-ին, և դրա փոխարեն վերցնել այլ նախարարության պորտֆել: Սերժ Սարգսյանի շրջապատից եկող խոսակցությունի համաձայն` Սարգսյանն ամեն գնով ուզում է ԲՀԿ-ից «հետ կորզել» ՀՀ առողջապահության նախարարի աթոռը և այնտեղ Հարություն Քուշկյանի փոխարեն նշանակել մեկ ուրիշին: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն էլ չի կարողանում Քուշկյանին ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից «տարանջատված» ֆիգուր: Եթե դեպքերը զարգանան այնպես, որ ԲՀԿ-ն զիջի առողջապահության նախարարի իր պորտֆելը, ապա բացառված չէ, որ ՀՀ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը նշանակվի առողջապահության նախարար: