Բաքվի Dalga Plaza հյուրանոցում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայաստանյան և ադրբեջանական քաղաքական կուսակցությունների հետ անցկացրած հետազոտությունների արդյունքների ամփոփումը:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը հետազոտությունն անցկացրել է Links միջազգային կազմակերպության կողմից ստեղծված Միջազգային հարաբերությունների խորհուրդը: Հետազոտությունը անցկացվել է հարցման ձևով:
Ծրագրի ղեկավար, բրիտանացի փորձագետ Դենիս Սամուտը նշել է, որ հարցմանը մասնակցել են ադրբեջանական 23 քաղաքական կազմակերպություններ:
«Ադրբեջանի քաղաքական կազմակերպությունները մեկ համաձայնեցված մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նրանց ամենից շատ մտահոգում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ճակատագիրը: Դժգոհություն և անգամ բացասական վերաբերմունք կա ԵԱՀԿ ՄԽ-ի և այլ միջազգային միջնորդների գործունեության նկատմամբ: Անվստահություն կա նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հանդեպ: Միակ պետությունը, որի դերակատարությունը այս հարցում դրական է գնահատվում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից`Թուրքիան է»,-ասել է Սամուտը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանում հարցմանը մասնակցած կուսակցությունների մեծ մասն անիմաստ և անօգուտ է համարում ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներգրավվածությունը: Նրանք նաև կարծում են, որ Ադրբեջանին այլ տարբերակ չի մնում, քան ուժային միջոցներով լուծել հակամարտությունը: