Սերժ Սարգսյանը մի գործընթաց սկսեց, որին մենք բոլորս շատ ավելի վաղ էինք սպասում: Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետի և մի շարք նախարարների պաշտոնանկություններին` այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը` չմասնավորեցնելով, սակայն, ում նկատի ունի «մենք» ասելով:
«2008-2009 թվականներին Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին անել այն քայլերը, որոնք նա կատարում է այժմ», – ասել է Նիկոյանը` հավելելով, որ այդ քայլերի իրագործմանը խոչընդոտում էր արտաքին քաղաքականության մեջ գերլարված վիճակը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը կարծիք է հայտնել, որ «նման փոփոխություններով կազմաքանդվում է իշխանական բուրգը», Նիկոյանը պատասխանել է.
«Այս փոփոխություններով իշխանական բուրգը ոչ թե կազմաքանդվում է, այլ այն ավելի է ուժեղանում»:
ԱԺ փոխնախագահը չի բացառել նաև այլ պաշտոնանկություններ, բայց նշել է, որ հեղափոխական մոտեցում չի լինի:
«Որևիցե մեկը եթե չի մտնի կանոնների մեջ, օրենքից դուրս գործունեություն կծավալի, պետք է պաշտոնանկ արվի», – ասել է Նիկոյանը: