Ղարաբաղը պետք չէ դարձնել մանրադրամ` բոլոր ձախողումները քողարկելու համար թե Հայաստանում, թե Ադրբեջանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրեն Արա Սարգսյանը:
Ղարաբաղը «հանգիստ թողնելու» դեպքում, ըստ Սարգսյանի, պարզ կդառնա, թե ով է «շահագրգռված հակամարտության հրահրման մեջ»:
«Այդ դեպքում պարզ կարող է լինել, որ դրանում շահագրգռված են բրիտանացիները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանում շահագրգռված են ռուսական որոշ ուժեր, որոնք կապված են «Գազպրոմի» կամ էներգետիկ բլոկի հետ, որոնք միշտ ցանկանում են լարվածություն Ղարաբաղում, որպեսզի «Նաբուկոն» չկառուցվի», – ասել է փորձագետը:
Արա Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին:
«Երբ որ լուծեն, այնքան խնդիրներ ի հայտ կգան. ինչի են մարդիկ վատ ապրում, ինչի
է վերջին երկու տարում աղքատների քանակը Հայաստանում դարձել մոտ հինգ հարյուր հազար, ինչի Ադրբեջանում չկա ժողովրդավարություն: Ալիևին հեշտ է այս ամենը կապել Ղարաբաղի խնդրի հետ», – նշել է Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի մասին` ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրենը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կիրականացնի այն, ինչի մասին խոսել է ՀՀԿ համագումարին:
«Ինչպես կասեր իմ կողմից հարգված պաշտպանության բանակի նախկին ղեկավար պարոն Բաբայանը (Սամվել Բաբայան – Epress.am), երեք նախագահները մսխեցին ամբողջ Ղարաբաղի հաղթանակը», – ասաց Արա Սարգսյանը: