Ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրի վավերացումը ՌԴ և ՀՀ խորհրդարանների կողմից հնարավոր չի լինի 2011 թվականին: Այսօր նման կարծիք է հայտնել ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրեն Արա Սարգսյանը:
Նա նշել է, որ այս հարցում պետք չէ շտապել.
«Ռուսաստանում չկա որոշակիություն ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական խնդիրների իրականացման գործում», – ընդգծել է փորձագետը: Արա Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանում գոյություն ունի շատ խորը հակամարտություն իշխող տանդեմի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի թիմերի միջև:
«Նոյեմբերի 23-ին, երբ Մեդվեդևը պետք է ելույթ ունենար Դումայի երկու պալատների համատեղ նիստում, նրա մոտ պատրաստված էր եղել ելույթի երկու տեքստ: Մեկը` բարի, մանուկների և դպրոցականների հետ կապված, մյուսը` կոշտ, որտեղ առաջին կետը եղել է` «Ես որոշել եմ հեռացնել աշխատանքից կառավարությանը»: Վերջին պահին` չստանալով ինչ-ինչ աշխարհաքաղաքական երկրների կենտրոնների աջակցությունը, դադարեցրել է այդ ծրագիրը», – հայտարարել է մասնագետը:
Արա Սարգսյանը հակամարտության մեջ կարևոր կետ է համարում նաև ֆուտբոլային ֆանատների կողմից սկսված անկարգությունները: Նրա խոսքերով` տվյալ խնդիրը դարձել է Պուտին-Մեդվեդև հակամարտության գագաթնակետը: Կարծիքներ կան, որ երկու ճամբարները մեղադրում են միմյանց երկիրը կառավարելու անկարողության մեջ:
«Արդյոք Հայաստանն ունի այդքան ներուժ` իր ճակատագիրը կապելու մի երկրի հետ, որտեղ չկա որոշակիություն նույնիսկ իշխանական համակարգում», – հարց է բարձրացրել ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրենը:
Սարգսյանը չի կարծում, որ Ռուսաստանն ունի համապատասխան ներուժ, որպեսզի իրեն թույլ տա տանդեմի գոյությունը մինչև նախագահական ընտրությունները, քանի որ «տանդեմը չի կարողանում ղեկավարել Ռուսաստանը»:
«Դա նշանակում է` կամ Մեդվեդևը Պուտինից մինչև փետրվար կթողնի մեկ հատ կիմոնո, կամ հակառակը` մինչև փետրվար Պուտինի թիմը կստիպի Մեդվեդևին ընդունել Խռուշչյովի ճակատագիրը և վատ առողջության պատճառով հրաժարականի դիմում ներկայացնել», – եզրափակեց Արա Սարգսյանը: