ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` ֆուտբոլային ֆանատների հետ ունեցած հանդիպումը, իսկ այնուհետև «Սպարտակի» սպանված ֆանատ Եգոր Սվիրիդովի շիրիմին նրա հիշատակը հարգելը, առաջին հերթին, նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ ընդունում են, որ միջէթնիկ հակամարտությունը երկրում մեծ թափ է առնում: Այս մասին իր բլոգում գրում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Հիշեցնենք, որ Սվիրիդովի մահը ֆորմալ առիթ տվեց Մոսկվայի ուլտաաջերին զանգվածային ցույցեր անցկացնելու, որոնց հետևանքով ծեծի են ենթարկվել «ոչ ռուսները», ինչպես նաև մահվան դեպքեր են գրանցվել:
Կարնեգիի փորձագետը, մասնավորապես, գրում է.
«Զրույցներ այն մասին, թե այս ամենն ընդամենը խուլիգանություն էր, այլևս չեն վարում: Կարգախոսը չափազանց ազգայնական էր:
Հավաքվածների թիվն աննախադեպ էր <…>:
Երկրորդը` իշխանությունները թերևս առաջին անգամ ազգայնամոլության ներուժ նկատեցին այս ամենում, թեկուզ և ոչ կազմակերպված, երիտասարդական, բայցևայնպես ազգայնամոլության: Եվ իշխանությունները վախեցան: Հատկապես որ վերջիններիս շարքային ներկայացուցիչները` ՕՄՈՆ-ից և ոստիկանությունից, ովքեր ցրում էին ցուցարարներին, հասկանում էին նրանց:
Երրորդը` իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն` նման միջադեպերը հետագայում կանխելու ուղղությամբ, իսկ միջադեպերը, հավանաբար, կրկնվելու են: Բավական է ևս մեկ սադրիչ գործողություն մետրոյում, փողոցում, խորտկարանում, որպեսզի հազարավոր մարդիկ կրկին դուրս գան փողոց նույն կարգախոսների ներքո և նույն էներգետիկայով:
Հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է ներգաղթի խնդրի մասին: Հարց է ծագում` արդյոք նա կարող է այդ ուղղությամբ որևէ բան անել: «Սպարտակի» երկրպագուի սպանությունից առաջ բազմաթիվ դրվագներ են եղել, երբ հյուրերի ոչ ադեկվատ պահվածքն անպատիժ է մնացել: Իսկ պատժել պետք է:
Կանգնեցնել աճող կովկասատյացությունը, որն իր հետևից է բերում է իսլամատյացություն, հեշտ չէ: Բայց ինչ-որ բան անել հարկավոր է: Հակառակ դեպքում` բազմազգությունը և բազմակրոնությունը Ռուսաստանի առավելությունից կվերածվեն ողբերգության:
Ազգայնամոլությունը` մեծամասնության և փոքրամասնությունների, դադարեց «ուրվական» լինելուց. այն իրականություն է, որում մենք ապրում ենք: