Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համար լիցենզիա ստանալու ելքը որոշում է կոնկրետ մրցույթի մասնակիցը` իր ներկայացրած ծրագրով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է ասել է ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Խոսելով, մասնավորապես, «Ցայգ» ՍՊԸ-ին և «ՉԱՊ» ՍՊԸ-ին (Գալա TV) տրված իր գնահատականների մասին` Ամալյանը նշել է, որ «ՉԱՊ»-ին գնահատելով 2 միավոր` մեկական տվել է բազմակարծություն ապահովելու համար և աշխատակազմի պատրաստվածության աստիճանի համար:
«Իսկ մյուս բոլոր կետերով «ՉԱՊ»-ն ակնհայտորեն զիջում է իր մրցակցին, ինչպես, օրինակ, ֆինանսատնտեսական և բիզնեսպլանի մասով»,- հայտարարել է Ամալյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա ՀՌԱՀ-ի որոշման արդյունքում «Ցայգը» հավաքել է 42 միավոր, իսկ Գալա TV-ին 14 միավոր, ինչը նշանակում է, որ 2015 թվականից «Գալա TV-ն» զրկվելու է լիցենզիայից:
Նշենք, որ անձամբ Գրիգոր Ամալյանը մաքսիմալ` 6 միավոր է տրամադրել «Ցայգին» (մեկական միավոր բոլոր 6 մրցութային կետերով), իսկ դա նշանակում է, որ ՀՌԱՀ նախագահը համարել է, որ բազմակարծության և աշխատակազմի պատրաստվածության աստիճանի առումով ներկայացված երկու հայտերը հավասար են եղել:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում հեռարձակող «Գալա TV»-ն Հայաստանում միակ հեռուստաընկերությունն էր, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքները և գործունեությունը:
2008 թվականին իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «Գալա TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երևույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝ ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազրա դրամը հեռուստաընկերությունը փոխացնեց իր հաշվից:
Լուսանկարը` armenialiberty.org-ի