Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու Ազգային Ժողովի որոշման վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին, երբ առաջին անգամ հայտնի դարձավ սույն նախաձեռնությունը, հայտնել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ արձանագրելով դրա վնասակարությունը ազգային ինքնության ու վտանգավորությունը սոցիալական առումով։
«Այն, ինչ հարյուր տարի առաջ անում էին օտար տիրակալները և չէին կարողանում մարսել, այսօր անում է «հայրենի» իշխանությունը, դրանով ավելորդ մի անգամ հաստատելով, որ «հայրենի» ավազակապետական ռեժիմը շատ ավելի կործանարար է ամեն տեսակ օտար իշխանության համեմատ։ Հիշյալ օրենքների ընդունմամբ խորհրդարանում ներկայացված ուժերն ապացուցեցին իրենց հակաքաղաքական ու ապազգային էությունը։ Դա հատկապես վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, որն, իրեն նժդեհյան հորջորջելով, ոտնակոխ արեց նաև իր գաղափարական նախահորը։
Քոչարյանասերժական ոչ լեգիտիմ այս վարչախումբը ապագա լեգիտիմ ու քաղաքական իշխանության օրակարգում ավելացրեց եւս մի խնդիր, որի լուծումը առաջնահերթներից մեկն է լինելու, քանզի մայրենի լեզվով հանրակրթությունը ազգային պետության հիմնասյուններից մեկն է», – ասված է հայտարարության մեջ: