«Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերը, որոնք վերաբերում են այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ակնհայտորեն կեղծ են, և մենք «Մելտեքս»-ին (ընկերություն, որը ներկայացնում է Ա1+-ը) մինչև մրցույթը դիմելու կարիք չունեինք, քանի որ այն, ինչ ակնհայտ է, պարզաբանման կարիք չունի: Այսպես է պատասխանել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողի այն հարցին, թե ինչու հանձնաժողովը նախապես չի դիմել «Մելտեքս» ընկերությանը` փաստաթղթերի հետ կապված ճշտումներ անել:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ամալյանը հայտարարել էր, որ «Մելտեքս» ՍՊ ընկերության հայտում և կից փաստաթղթերում առկա են եղել ընկերության բիզնես ծրագրի ֆինանսական ապահովումը հիմնավորող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ բրիտանական «HOBBINGTON MANAGEMENT LIMITED» ընկերության կողմից և Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերության կողմից «Մելտեքսին» տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթղթերը։ Ամալյանի խոսքով` համապատասխան երկրների իրավասու հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ նման գործող կազմակերպություններ գոյություն չունեն։
«Ինչ անեինք, ասեինք` տար, ոչ կեղծ փաստաթուղթ բե՞ր: Իսկ արտասահմանյան կազմակերպությունների հարցով մենք արդեն դիմել ենք ՀՀ Արտգործնախարարություն և ստացել պատասխանը, որը պաշտոնապես ուղարկվել է «Մելտեքս» ՍՊԸ-ին: Ես միայն մի բան չեմ հասկանում` ինչո՞ւ են հանրությանը մոլորության մեջ գցում»,- զարմացել է Ամալյանը: