Home / Армения / Հոլիվուդյան դերասանուհին պատմել է Գիբսոնի հակասեմիտիզմի մասին

Հոլիվուդյան դերասանուհին պատմել է Գիբսոնի հակասեմիտիզմի մասին

GQ ամսագրի 2011 թվականի հունվարի համարում հրատարակվելու է հրեական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Վայնոնա Ռայդերի հետ հարցազրույցը, որում նա պատմում է դերասան Մել Գիբսոնի հակասեմիտական հայտարարությունների մասին, գրում է NEWSru Israel-ը:

Այն, ինչի մասին պատմել է Ռայդերը, տեղի է ունեցել 15 տարի առաջ հոլիվուդյան խրախճանքներից մեկի ժամանակ: Դերասանը շատ բարձր տրամադրություն է ունեցել և, տեղեկանալով, որ Ռայդերը ծագումով հրեա է, իսկ նրա ուղեկիցը` միասեռական, Գիբսոնը մի անեկդոտ է պատմել «գազային բանտախցում գտնվողների մասին», ինչով վիրավորել է թե հրեաներին, թե միասեռականներին:

Գիբսոնի անեկդոտը խորամանկ հրեաների մասին էր, որոնց հաջողվել է փրկվել նացիստական վառարաններից: Դերասանուհին շատ է վրդովվել Գիբսոնի խոսքերից և հայտարարել է, որ վերջինս դեմ է հրեաներին և միասեռականներին, բայց նրան ոչ ոք չի հավատացել:
Տարիներ անց Գիբսոնը հաստատել է երիտասարդ դերասանուհու բնորոշումը` 2006 թվականին հակասեմիտական տրամադրվածության պատճառով սկանդալային իրավիճակում հայտնվելով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ Գիբսոնը, իմանալով, որ իրեն կանգնեցրած ոստիկանը հրեա է, սկսել է շատ վատ արտահայտվել հրեաների մասին` մեղադրելով նրանց աշխարհում տեղի ունեցած բոլոր պատերազմների մեջ: Նա նաև սպառնացել է ոստիկանին և հայտարարել, որ ատում է բոլոր հրեաներին:Այս պատահարից հետո Հոլիվուդում շատերը քննադատել են Գիբսոնին, իսկ АВС ընկերությունն անգամ չեղյալ է հայտարարել դերասանի հետ կնքած պայմանագիրը: