Մեզ համար քաղաքական կամ պետական պաշտոնները երբեք ինքնանպատակ չեն եղել: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում:
«Ով կարող է այդ ծանրության տակ մտնել, իրեն վերապահված ոլորտը լավ կառավարել, նա էլ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մեզ մոտ ծանոթ- բարեկամ չկա: Մարդը գնահատվում է միայն ըստ իր գիտելիքների, մասնագիտական և մարդկային որակների: Դուք տեսաք, որ տարվա ընթացքում մենք էլ կատարեցինք որոշ կարդրային տեղաշարժեր, հետ կանչեցինք մեր նախարարներից երկուսին` նրանց տեղն առաջարկելով նորերին: Սա նորմալ, բնականոն գործընթաց է», – ասել է Ծառուկյանը:
Նա նշել է, որ նույն կերպ է նայում նաև կոալիցիոն համաձայնությամբ հանրապետական գործընկերներին վերապահված ոլորտներում իրականացվող կադրային փոփոխություններին:
ԲՀԿ առաջնորդը նաև մեկնաբանել է իր կուսակից նախարարների պաշտոնանկության մասին լուրերը` նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Ես մեր նախարարների աշխատանքից գոհ եմ, հատկապես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի աշխատանքից, ով ահռելի աշխատանք է կատարում մեր երկրի առողջապահական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ», – ասել է Ծառուկյանը:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում հատկապես Հարություն Քուշկյանի պաշտոնանկության մասին: