Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում առաջին դելֆինարիումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Դելֆինարիումի բացումն անցավ Ուկրաինայից բերված դելֆինների ու փոկերի պարային ու խաղային համարների ներքո` հաղորդավարի ռուսերեն մեկնաբանության ուղեկցությամբ: Հայերեն թարգամանություն չկար, ռուսերեն էր նաև լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության տեքստը: Գնացուցակը, ի դեպ, հայերեն էր:
Դելֆինները պարբերաբար դուրս էին ցատկում լողավազանից, իսկ երբ վարժեցնողը հրում էր նրանց ջրի մեջ, նրանք թափահարում էին գլուխները:
Դելֆինների ցանկացած թռիչքի ժամանակ առաջին շարքերում նստած հանդիսատեսների վրա ջուր էր ցայտում, իսկ դահլիճում տհաճ քլորի հոտ էր գալիս:
Գները նորաբաց դելֆինարիումում հետևյալն են` այցելությունը երկուշաբթիից կիրակի` ժամը 13:00-ին, 15:00-ին և 19:00-ին` 2000-3000 դրամ, բեմի վրա դելֆինների հետ լուսանկարվելու համար այցելուները պետք է վճարեն 3000 դրամ: Նաև հնարավորություն է ընձեռված լողալ և շփվել դելֆինների հետ, ինչն արժի 5000 դրամ և ավելին:
Դելֆինարիումը նախատեսել է նաև դելֆինաթերապիա` սեանսներ հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների համար, որի համար նախապես անհրաժեշտ է զանգահարել 077 169999, ինչպես նաև ուսուցում դելֆինների հետ լողալու համար: Այս ծառայության գները գնացուցակում նշված չէին:
Նշենք, որ բացման արարողության ժամանակ դելֆինարիումի շենքի մոտ հավաքվել էին հայաստանցի էկոակտիվիստները, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել դելֆինների շահագործման դեմ: Նրանց խոսքով` դելֆինարիումում անբավարար պայմաններ են ստեղծված ծովային կենդանիներին պահելու համար: Ի աջակցություն իրեն հայաստանցի համախոհներին` Ուկրաինայի էկոակտիվիստները նման ակցիա էին անցկացրել Կիևում` բնապահպանության նախարարության շենքի առջև: