Կոմիտասի անվան այգու տարածքում գտնվող նորակառույց Դելֆինարիումի բացումն այսօր ուղեկցվում է էկոակտիվիստների բողոքով: Արդեն 14:30-ից սկսած Կոմիտասի այգում հավաքվել էին մեծ թվով մարդիկ` պաստառները ձեռքերին` «Մի սպանեք դելֆիններին», «Մի օգտագործեք դելֆիններին որպես զվարճանքի միջոց», «Մի բանտարկեք դելֆիններին», «Ազատություն դելֆիններին» կոչերով:
Epress.am-ի հետ զրույցում «Կանաչների միության» նախագահ Արմենակ Դովլաթյանը նշել է, որ իրենց այս ակցիայով ակտիվիստները ցանկանում են ցույց տալ, որ իշխանությունները գործում են անօրինականության դաշտում:
«Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ ուկրաինական այն կազմաիերպությունը, որը ֆինանսավորում է Հայաստանում դելֆինարիումի բացումը, իրենց երկրում իսկ` Ուկրաինայում, անօրինական գործունեությամբ է զբաղվում», – ասել է Դովլաթյանը:
Նրա խոսքով` բնապահպանները մտածում են այդ կազմակերպության դեմ դատական հայց ներկայացնելու մասին:
Բնապահպանական շարժումները պարզաբանումների համար դիմել են նաև Երևանի քաղաքապաետարան` նշելով, որ կառուցված Դելֆինարիումը չի համապատասխանում դելֆիններին պահելու չափանիշներին, սակայն պատասխան չեն ստացել:
ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչը, ով չի ցանկանցել ներկայանալ, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ եկել է Դելֆինարիումի հանդիսավոր բացմանը մասնակցելու և առայժմ չի կարող կարծիք հայտնել, «որովհետև չի տեսել Դելֆինարիումը ներսից»:
Նա պատրաստակամություն է հայտնել միանալ բողոքող մարդկանց, եթե համոզվի, որ պայմաններն իսկապես չեն համապատասխանում ընդունված չափանիշներին:
15:00-ի սահմաններում Դելֆինարիումի տարածք ժամանեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ով չցանկացավ շփվել լրագրողների հետ: Ներկաները նրան դիմավորեցին սուլոցներով և վանկարկումներով:
Նշենք, որ Դելֆիանարիումի տարածքում շրջում են ոստիկանական համազգեստով անձինք: