Home / Армения / Իշխանությունները խորամանկություն են մոգոնել. Զուրաբյան

Իշխանությունները խորամանկություն են մոգոնել. Զուրաբյան

ՀՀ գլխավոր դատախազության առջև անցկացված Հայ ազգային կոնգրեսի բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ «իշխանությունները խորամանկություն են մոգոնել»:

«Երբ նրանք տեսան, որ Շարժումը մարտի մեկից հետո նորից վերականգնվեց, միջազգային հանրությունն այլևս չի հանդուրժում քաղբանտարկյալներին բանտերում, նրանք որոշեցին թողնել քաղբանտարկյալների մեծամասնությանը, այդ իրենց համաներում կոչված ակտով, մեկը լիներ` իրենց ներեր: Եվ բանտում թողեցին քաղբանտարկյալների ինչ-որ մի քանակ: Նպատակը հետևյալն էր. մի կողմից` հասնել նրան, որ այլևս միջազգային հանրությունը քաղբանտարկյալների խնդիրը լուծված համարի, մյուս կողմից, այնուամենայնիվ, պահելով մի քանի մարդկանց բանտերում` շարունակեն այս ահաբեկման քաղաքականությունը»,- ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի խոսքով` մի պահ Հայաստանում քաղբանտարկայլների ազատման հարցը դուրս էր եկել միջազգային դիվանագիտության օրակարգից, սակայն իրենց համառ պայքարի շնորհիվ այն դարձյալ արդիական է:

«Ես կարող եմ հայտարարել և շնորհավորել ձեզ այն կապակցությամբ, որ քաղբանտարկայլների հարցը նորից դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի լրջագույն հարցերից մեկը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից, իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը` ի դեմս եվրոպական դեմոկրատական կառույցների, նորից այդ խնդիրը ամենայն խստությամբ դնում է Հայաստանի իշխանությունների առջև, և հավատացեք այդ փոփոխման հեղինակը դուք եք»,- ասել է Զուրաբյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հունվարի 18-ին հենց այդ համատեքստում Հայաստան է ժամանելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, այնուհետև տեղի է ունենալու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որում այս հարցերը նույնպես քննարկվելու են, այնուհետև փետրվարին պաշտոնական այցելությամբ Հայաստան են գալու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները:

«Գալու են` նորից այս հարցը ուշադրության կենտրոնում պահելու համար: Մենք վստահ ենք, որ այս մեր համառ պայքարի շնորհիվ իշխանությունները ստիպված են լինելու ազատել քաղբանտարկյալներին, էլի նրանք խորամանկությունների են գնալու, էլի փորձելու են մեկ-երկու-երեք հոգու պահել, մեր նպատակն է ապացուցել, որ այդ ստոր, խորամանկությունները Հայաստանում չեն անցնելու»,- ընդգծել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նաև Ամանորից հետո շարժման ակտիվացում է խոստացել: