2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ձևաչափի մասին վաղաժամ է խոսել, բայց համախմբման ճանապարհը ճիշտ է և ընդդիմությունը պետք է համախմբվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Որպես ամենակազմակերպված ընդդիմություն Դեմիրճյանը նշել է Հայ Ազգային Կոնգրեսը, որի հետ, ՀԺԿ առաջնորդի կարծիքով, ժողովրդի մեծ մասը կապում է իր հույսերը:
«ՀԺԿ-ն շարունակելու է համագործակցությունը ՀԱԿ-ի շրջանակներում»:
Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը բազմիցս է հաղթել ընտրություններում և կարևորն արդար ընտրությունների անցկացումն է:
«Չափից ավելի շատ է սուտը, կեղծիքը, դեմագոգիան: Այս ամենին վերջ կդրվի, եթե երկրում ձևավորվի նորմալ օրինական իշխանություն: Պետք չէ դատողություններ անել ընդդիմության մասին: Երկրի կարևորագույն խնդիրն է այսօր լեգիտիմ, օրինական իշխանության ձևավորումը», – եզրափակել է բանախոսը: