ԱՄՆ Կոնգրեսի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը չքննարկելու որոշումը չի նշանակում, որ «ամեն ինչ ավարտված է»: Այս մասին Վաշինգտոնում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Տանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Բանաձևը քննարկելու վերջին հնարավորությունը չորեքշաբթի էր, սակայն այն չմտավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրակարգ:
«Թիվ 252 բանաձևին վերաբերող վերջին զարգացումները չեն նշանակում, որ մեզ համար ամեն ինչ ավարտված է: Այժմ ժամանակն է ավելի մեծ միասնականությամբ և ցանկությամբ աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Տանը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոզին հայտարարել էր, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը կարող է մտնել Կոնգրեսի օրակարգ քվեարկության համար Թուրքիան, ինչպես նաև թուրքական լոբբին ԱՄՆ-ում դա կանխելու լայնածավալ աշխատանք էր սկսել:
Ասուլիսի ժամանակ Տանը նշել է, թուրքական կողմը շարունակելու է ակտիվ աշխատել Բանաձևի մուտքը Կոնգրես թույլ չտալու համար: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Հայկական բանաձևի ընդունումը տապալելու համար: