Հայկական կողմը պատրաստ է լուծել խնդիրները, որոնք կարող են առաջանալ Եվրո-2012-ի ընտրական փուլի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման համար ռուսաստանցի երկրպագուների ժամանման հետ կապված: Այս մասին Հանրային Հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուի սպանությունից և դրա հետևանքով Մոսկվայում մեկնարկած անկարգություններից հետո ռուսաստանցի երկրպագուների խնդիրը խիստ արդիական է դառնում: Լրագրողի այն դիտարկմանը, թե ռուսաստանցի ֆանատներն ինտերնետային ֆորումներում արդեն իսկ հայտարարում են, որ պատրաստ են մեծ թվով ժամանել Հայաստան և լարված իրավիճակ ստեղծել ստադիոնում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները հսկողության տակ կպահեն իրավիճակը:
«Ռուսաստանյան կողմը ստանալու է տոմսեր ստադիոնում առկա տեղերի 5 տոկոսի չափով՝ 725 տոմս, և ռուսաստանցի երկրպագուների քանակը ստադիոնում ավելին չի կարող լինել, եթե, իհարկե, հայերը չգնեն տոմսերը և հետո չվերավաճառեն դրանք ռուսաստանցի ֆանատներին», – նշել է Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է վերահսկել Ռուսաստանից ժամանած երկրպագուների գործողությունները սկսած օդանավակայանից և ամենուր՝ անկարգությունները բացառելու համար: ՀՖՖ նախագահի խոսքով՝ ավելի մտահոգիչ է այդ առումով հունիսի 4-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստան- Հայաստան հանդիպումը, որի ընթացքում անվտանգության լուրջ միջոցառումներ կպահանջվեն:
Հայրապետյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հանդիպումներից առաջ ռուսական մամուլում փորձագետների և լրագրողների կողմից տարածվող այն կարծիքներին, որ ռուսաստանցիները 6 միավոր են նվաճելու Հայաստանի հետ խաղում: ՀՖՖ նախագահի խոսքով՝ բոլոր այդ զրույցներն ավելի կօգնեն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հավաքված և վճռական գործել խաղերի ժամանակ: Նա նշել է, որ Հայաստանի ընտրանին բավական լավ է պատրաստված մրցակցին դիմակայելու համար և հոգեբանական ճնշումների չի ենթարկվի: Ավելի մանրամասն այդ հարցի շուրջ նա խոստացել է խոսել Հայաստան-Ռուսաստան առաջին հանդիպումից առաջ: