Իրանի իշխանությունները պետք է անհապաղ փոխեն անարդար դատավարության արդյունքում մահվան դատապարտված ազգությամբ քուրդ ուսանող Հաբիբոլահ Լատիֆիի դատավճիռը: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ մի քանի օր առաջ իշխանությունները տեղեկացրել էին Լատիֆիի փաստաբանին, որ նրան կախաղան կբարձրացնեն այս տարվա դեկտեմբերի 26-ի առավոտյան:
2007 թվականին ուժայինները ձերբակալել են Լատիֆիին, ով Իրանի Իլամ նահանգում գործող «Ազադ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Նրան մեղադրել են հակահեղափոխական խմբերից մեկում ակտիվ գործունեություն ծավալելու մեջ: Համաձայն Լատիֆիի ընտանիքի և նրա բարեկամների տեղեկատվության, ուսանողը բանտում եղած ժամանակ բազմաթիվ կտտանքների է ենթարկվել:
«Լատիֆիի ձերբակալման հանգամանքները ապացուցում են, որ իրանական իշխանությունները խախտել են նրա հիմնական իրավունքները,- հայտարարել է Human Rights Watch-ի Միջին Արևելքի մասնաճյուղի ղեկավար Ջո Սթորքը, – ինչպես և շատ ու շատ այլ դատական գործերում, իրանական իշխանությունները Լատիֆիին կտտանքների են ենթարկել և մահվան են դատապարտել առանց որևէ ակնհայտ մեղադրանքի: Իրանի գլխավոր դատախազն անմիջապես պետք է չեղյալ հայտարարի Լատիֆիի դատավճիռը»: