Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսը 2010 թվականի ընթացքում այդպես էլ չքննարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:
«Մենք գոհ ենք, որ իրադարձությունների նման զարգացումը, որը կվնասեր թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերություններին, չիրագործվեց», – հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը հայտարարել է, որ իրենք շատ ուշադիր հետևում էին բոլոր զարգացումներին, որոնք տեղի էին ունենում ԱՄՆ Կոնգրեսում նախորդ շաբաթվա ընթացքում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին, անհատապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նրանց աջակցության համար:
Նշենք, որ նախորդ երկուշաբթի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին պաշտոնապես հայտնել էր ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման մասին` նշելով, որ, մասնավորապես, ԱՄՆ Պետդեպը «դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկմանը Կոնգրեսում»:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Դավուօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է «յուրաքանչյուր տեսակի ուսումնասիրություն անցկացնել` կապված 1915 դեպքերի հետ»:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այդ պատմական իրադարձությունները մեր երկրի նկատմամբ շանտաժի առարկա դառնան: Այդ հարցը չպետք է դամոքլեսյան սրի նման կախված լինի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», – հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն լինի այնպիսին, ինչպիսին որ Արձանագրությունների ստորագրումից առաջ էր: Նա կրկին նշել է, որ հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության թուլացումից:
Նրա խոսքով` Թուրքիան տանում է ժողովրդավարության անցման դժվարությունները, իսկ Հայաստանը` ոչ լիարժեք ժողովրդավարության դժվարությունները: