Home / Հայաստան / Բեգլարյանը հրաժարականի մասին հարցրել էր բնապահպաններին

Բեգլարյանը հրաժարականի մասին հարցրել էր բնապահպաններին

Այսօր Հայաստանում դժվար է պատկերացնել, որ երկրի քաղաքացիները կարող են իսկապես սրտացավ լինել իրենց սեփականության նկատմամբ, տեղեկացված լինել իրենց իրավունքերի մասին և ունենալ քաղաքացիական պահանջատիրություն:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության վերաբերյալ հասարակության մեջ կան կարծիքներ, որ իրենց հետևում քաղաքական որոշ ուժեր կան, նախաձեռնության անդամներից Գայանե Մելքումյանը նշել է, որ նախկին քաղաքապետի օրոք է շահարկվել իրենց նախաձեռնության անունը, և հույս է հայտնել, որ նոր քաղաքապետի օրոք նախաձեռնությունը կընկալվի այնպիսին, ինչպիսին որ կա:
«Օրինակ նախկին քաղաքապետը իր հայտարարություններում ասում էր, որ մենք ուզում ենք քաղաքական առումով իրեն վնասենք»,- ասել է Գայանե Մելքումյանը:
Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էլ հիշել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հնչեցրած հարցը.
«Ուզո՞ւմ եք` ես հրաժարական տամ»:
Նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն էլ հավելել է, որ քանի որ Հայաստանում նոր են քաղաքացիական շարժումները, մարդիկ և որոշակի ճանապարհ անցած քաղաքական ուժերը չեն կարողնում պատկերացնել, որ իրոք հնարավոր են առանց քաղաքական մոտիվների որոշակի ակտիվություն դրսևորվի մեր երկրում:
«Կային օրինակ այսպիսի խոսակցություններ, թե իբր մեծ գումարներ են եկել Հայաստան, որոնք տրվել են բնապահպաններին, բայց այդպես էլ չհասկացանք, թե ուր են կորել այդ փողերը, ինչի հասցեատերերին չեն հասել»,- կատակելով ասել է Ավթանդիլյանը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանն էլ, ով նաև հանդիսանում է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ, ասել է, որ քաղաքական շահարկումների մասին խոսակցությունները գալիս են այս կամ այն մարդկանց խմբերի պրիմիտիվիզմից:
«Մարդիկ իրենց արշինով են չափում ուրիշներին: Բայց պետք է ասեմ, որ ինչ-որ իմաստով քաղաքականացված է մեր նախաձեռնությունը, քանի որ ցանկացած բնապահպանական խնդրի հետ, որ առընչվում ենք, անխուսափելիորեն գործ ենք ունենում քաղաքական այս կամ այն ուժի, օլիգարխի և այլոց հետ»,- ասել է Սոնա Այվազյանը:
Նա նշել է, որ ոչ թե նախաձեռնություններն են քաղաքականացված, այլ ցավոք սրտի, Հայաստանում բոլոր խնդիրներն են քաղաքական: