«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դառնալու փաստը մեկնաբանել է «Սիվիլիթաս» հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ կային Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որևէ մարմնական վնասվածք չի ստացել և վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն, շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն, որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց և որևէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն», – ասված է հայտարարության մեջ:
Հաղորդագրության հեղինակները հույս են հայտնում, որ «գործող պետական պաշտոնյաները և նրանցից շատերի` ուշադրության շատ ավելի «արժանի» ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում»:
Նշենք, որ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման տարիներին նրա որդին ՃՏՊ-ի մասնակից էր դարձել ԱԳ նախարարության ծառայողական մեքենան վարելիս: