Անցյալ շաբաթ corruptionfreerussia.com կայքում բաց նամակ է հրապարակվել, որն ուղղված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Նամակում մասնավորապես ասվում է, որ Սև ծովի ափին կառուցվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին պատկանող 1 մլրդ. դոլար արժողությամբ «հանգստի համալիրը»: Նամակի հեղինակն է Սերգեյ Կոլեսնիկովը, ով, դատելով նամակի բովանդակությունից, համարվում է Վլադիմիր Պուտինի ծանոթներ Նիկոլայ Շամալովի և Դմիտրի Գորելովի վաղեմի գործընկերը: Շամալովը, ինչպես և Պուտինը, «Озеро» կազմակերպության համահիմնադիրներից է եղել, իսկ Գորելովը «Россия» բանկի բաժնետերերից է:
Ռուսաստանյան «Ведомости»-ի օրաթերթին հաջողվել է փաստացի հաստատել, որ Շամալովն ու Գորելովը Սերգեյ Կոլեսնիկով անունով գործընկեր ունեն, իսկ այնուհետև հաջողվել է զանգահարել նրան Skype համացանցային ծրագրի միջոցով և խոսել նամակի հեղինակի հետ: Ներկայումս գործարարը գտնվում է արտասահմանում, և տեղեկացրել է « Ведомости»-ին, որ Մեդվեդևին նամակ է գրել կոռուպցիայի վերաբերյալ և սպասում է նրա արձագանքին:
Նամակում գործարարը պնդում է, որ «Սև ծովի ափին Ռուսաստանի վարչապետի անձնական օգտագործման նպատակներով 2006 թվականից հանգստի համար նախատեսված համալիր է կառուցվում, իսկ 2007 թվականից խաղողի այգի է մշակվում` էլիտար գինիների պատրաստման համար»: Այս ամենը Կոլեսնիկովը անվանում է «Ծրագիր` հարավ», իսկ արժողությունը գնահատվում է 1 մլրդ. դոլար: Պաշտոնապես կառույցը պատկանում է Շամալովի ընկերությանը, սակայն Կոլեսնիկովը համոզված է, որ այն Պուտինին է պատկանում:
«Եթե այդ «դղյակը» Շամալովին է պատկանում, հանուն ինչի է պետությունը իր հաշվին դեպի «դղյակ» տանող ճանապարհներ անցկացնում, էլեկտրականությամբ ապահովում»,- ասում է նամակի հեղինակը: Նա վստահեցնում է, որ այդ կառույցը սեփական աչքերով է տեսել:
Կրեմլի մամլո ծառայությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ: Իսկ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պնդում է, որ Պուտինը սևծովյան դղյակի հետ ոչ մի կապ չունի: Շամալովն ու Գորելովը չեն պատասխանել «Ведомости»-ի հարցերին:
Կոլեսնիկովն ասել է, որ բաց նամակի նպատակը կայանում է նրանում, «որպեսզի ներկայացնեմ պարզ ու հեշտ ստուգվող համակարգը, և որ երկրի ժողովուրդն ու նախագահն իմանան ճշմարտությունը»,- պարզաբանել է Կոլեսնիկովը:
«Կարևորն այն է, որ նրանք արդեն գիտեն ճշմարտությունը, իսկ թե ինչպես իրենք կվարվեն, դա իրենց որոշումն է»,- շարունակում է Կոլեսնիկովը: Այն, ինչ արել է Կոլեսնիկովը, աննախադեպ բան է, խոստովանում է Մեդվեդևի շրջապատի աղբյուրներից մեկը, սակայն նա համոզված չէ, որ նախագահը կարձագանքի նամակին: