Դեկտեմբերի 29-ի` ժամը 13:00-ի դրությամբ Դիլիջանը շարունակում է այրվել, հրդեհը դեռ չի հաջողվել մարել, հայտնում է «ԷկոԼուր»-ը:
Ինչպես հայտնել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը, համատեղ ուժերով գիշերը հաջողվել է կանգնեցնել հրդեհը, որը հասնում էր սոճու անտառին: Շարունակում են այրվել մարգագետինների դժվարանցանելի հատվածները:
«Տարվա սկզբից մենք հրդեհի մոտ 70 դեպք ունենք: Հիմնականում այրվում են մարգագետինները, բայց եթե անտառն այրվի, ապա ծայրաստիճան դժվար կլինի կանգնեցնել հրդեհը»,- ասել է Դավթյանը:
Հիշեցնենք, որ հրդեհների մասին լուրը տարածել էր Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը մտավախություն է հայտնել հրդեհների շարունակականության վերաբերյալ` նշելով, որ բազմաթիվ դեպքերում դիտավորյալ են հրդեհում: