Դեկտեմբերի 23-ին Կոմիտասի պողոտայում տեղի էր ունեցել ողբերգական ավարտով վրաերթ, որի հետևանքով մահացել էին 50-ամյա Կարինե Գասպարյանը և նրա 18-ամյա դուստրը` Անահիտ Գասպարյանը: Վրաերթի հեղինակը` ոստիկան Արթուր Հովհաննիսյանը, մինչ օրս գտնվում է ազատության մեջ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով քննությունը` դիմելով ՀՀ Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):
«Քրեական գործով այս պահին ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան: Վրաերթ կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հարցը կքննարկվի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Նախաքննությունը շարունակվում է», – ասված է օրաթերթին ուղարկված ՀՔԾ-ի պատասխան գրության մեջ:
Մահացածների հարազատների խոսքով` այն, որ Արթուր Հովհաննիսյանը դեռևս գտնվում է ազատության մեջ, առնվազն անարդար է:
«Պետք է 10 մարդ սպանե՞ր, որ կալանավորեին: Չնայած այս դեպքում էլ գուցե չձերբակալեին: Եթե փաստն այն է, որ նա է եղել վրաերթի հեղինակը, ի՞նչն են հիմա ճշտում, ի՞նչ են պարզում: Ի՞նչ կապ ունի, թե փորձաքննությունները ինչ արդյունքներ ունեն: Նա երկու մարդու է կյանքից զրկել: Նա պետք է նստի», – օրաթերթի հետ զրույցում ասել է Անահիտ Գասպարյանի հորեղբայրը: Նա նշել է նաև, որ իրավապահները, չձերբակալելով երկու հոգու մահվան մեջ մեղավոր ոստիկանին, հարազատներին են հանցագործության դրդում:
«Եթե աղջկա հայրը ողջ լիներ, նա մի րոպե չէր սպասի, նա կգնար ու կսպաներ այդ մարդուն: Հասկանո՞ւմ եք, չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ մարդիկ թողնեն ամեն ինչ և ինքնադատաստան անեն: Բայց այս դեպքում մեզ, կարծես, դրդեն դրան», – ասել է սպանված աղջկա հորեղբայրը: