Կանադայում անցնող տափողակով հոկեյի երիտասարդական աշխարհի առաջնությանում ուշադրության կենտրոնում է հայտնվել հայազգի հոկեյիստ Զակ Կասյանը, ով հանդես է գալիս Կանադայի ազգային հավաքականում:
Սակայն եթե կանադացիների` Ռուսաստանի հավաքականի հետ անցկացրած առաջին խաղում Զակ Կասյանն աչքի ընկավ գոլային փոխանցումով, իսկ դաշտի տերերը հաղթեցին 6:3 հաշվով, ապա երեկ երեկոյան կայացած Կանադա-Չեխիա խաղում Կասյանը վնասվածք հասցրեց մրցակցին: Սահադաշտի կենտրոնում Կասյանը բախվեց Պետր Շենկերիկի հետ, որից հետո վերջինս ընկավ և այլևս չկարողացավ շարունակել խաղը: Կասյանը հեռացվեց խաղից, և այժմ նրան առնվազն մեկ խաղ որակազրկում է սպասվում: Կանադայի հավաքականի հայազգի հոկեյիստի հետագա ճակատագիրը կորոշի մրցաշարի Կարգապահական կոմիտեն:
Մասնագետների կարծիքով` Կասյանի ուժային հնարքը մաքուր էր, պարզապես բախումն անսպասելի էր մրցակցի համար, ով նաև անհաջող ընկավ, այնպես որ հնարավոր է` Կասյանին կորակազրկեն ընդամենը մեկ խաղով:
Հանդիպումից հետո, որում կանադացիները հաղթանակ տոնեցին 7:2 հաշվով, Կասյանն այդքան էլ մտահոգված չէր սեփական ճակատագրով:
«Որակազրկման առիթով ես շատ անհանգստացած չեմ: Իմ հիմնական մտահոգությունը մրցակցի խաղացողն է: Ես լսել եմ, որ Շենկերիկն իրեն արդեն լավ է զգում: Այժմ ես պետք է փորձեմ հավաքվել և շարունակել մրցաշարը», – ասել է Կասյանը:
Զակ Կասյանը պատկանում է Հոկեյի Ազգային Լիգայի «Բաֆալո Սեյբրզ» ակումբին:
Նա այժմ հանդես է գալիս երիտասարդական լիգաներից մեկում, որտեղ աչքի է ընկնում իր կոշտ խաղով: Նախորդ մրցաշրջանում Կասյանին որակազրկել էին «Բարի Կոլտս» ակումբի հարձակվող Մեթ Մքքինլիի դեմ ուժային հնարք կիրառելու համար: