Դեկտեմբերի 30-ի գիշերվանից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ` բարձրադիր շրջաններում` 1200-1300 մ բարձրությունների վրա, ձյան տեսքով, իսկ ցածրադիր շրջաններում` հիմնականում անձրևի տեսքով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա 7-8 օրերի կանխատեսումները:
«Այս գիշեր` ժամը 3-4-ից սկսած, տեղումներ կսկվեն. վաղը ցերեկը մայրաքաղաքում կլինեն ընդհատումներով տեղումներ, իսկ գիշերը` կլինի ձյուն: Բայց քանի որ գիշերային ջերմաստիճանը բավականին բարձր է, լուրջ ձնային ծածկույթ հովտային շրջաններում չի լինի»,- ասել է օդերևութաբանը: Ինչպես հաղորդել է Հայպետհիդրոմետի մասնագետը, հունվարի 1-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է տեղումների դադար: Ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին` հունվարի 1-ի գիշերը, կլինի 0-ին մոտ, իսկ հունավրի 2-ին սպասվում է ջերմաստիճանի նվազում: Հովտային շրջաններում կիջնի մինչև 5-6 աստիճան զրոյից ցածր, ցերեկը կլինի 1-3 աստիճան զրոյից բարձր: Լեռնային շրջաններում նվազագույն ջերմաստիճանը կիջնի մինչև -18 աստիճան:
«Հետագա օրերին` մինչև հունվարի 6-7-ը, տեղումներ չեն ակնկալվում, օդի ջերմաստիճանը դարձյալ մի փոքր էլ կշարունակի նվազել, և հաստատված գիշերային ջերմաստիճանը կլինի մինչև 10 աստիճան ցուրտ Արարատյան դաշտում, ցերեկային ջերմաստիճանը` մինչև 4-5 աստիճան տաքություն, մինչև 19 աստիճան ցուրտ լեռնային շրջաններում, ցերեկը` մինչև 2-3 աստիճան ցուրտ»,- հայտնել է Զարուհի Պետրոսյանը: