Home / Հայաստան / Հայ-թուրքական սահմանի բացումը կօգնի լուծել փոքրամասնությունների խնդիրը Թուրքիայում

Հայ-թուրքական սահմանի բացումը կօգնի լուծել փոքրամասնությունների խնդիրը Թուրքիայում

Երբ Թուրքիայում գործը հասնում է ոչ մահմեդականների հայացքների հարցին, պետական ավանդույթը խնդրահարույց է դառնում: Այս մասին Today’s Zaman-ին տված հարցազրույցում հայտարարել է Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշը: Նա նշել է, որ շատ հաճախ հասարակության մեջ գոյություն ունի ողջամիտ տեսակետ տվյալ հարցի վերաբերյալ, որը հակադրվում է կանխակալ պետական մոտեցումներին:

Կոպտաշը նշել է, որ թուրքական դասագրքերում փորքամասնություններին նսեմացնող բառերի և արտահայտությունների փոփոխությունը կօգնի առողջ սերունդ դաստիարակել Թուրքիայում:
«Ագոսի» խմբագրի կարծիքով՝ այս առումով հայ-թուրքական սահմանի բացումը կառուցողական դեր կարող է խաղալ:

«Մարդիկ կշարունակեն խնդիրները տեղափոխել ապագա այնքան ժամանակ, որքան չեն ճանաչում միմյանց: Հարաբերությունները կբարելավվեն միայն այն ժամանակ, երբ փոխադարձ հարաբերություններ հաստատվեն մշակույթի, սպորտի և տնտեսության ոլորտում: Հայերն ու թուրքերը կհասկանան, որ նրանք թշնամիներ չեն: Այս ամենի իրագործումը, անկասկած, կտանի դեպի խաղաղության հաստատում», – ասել է Կոպտաշը: