Երբ չինացի գրականագետ, քաղբանտարկյալ Լիու Սյաոբոն Նոբելյան մրցանակ ստացավ, Չինաստանը կրկին անգամ ցույց տվեց բռապետական համակարգին բնորոշ իր տգեղ դեմքը: Չինացի այլախոհին հիշելով՝ մենք չպետք է մոռանանք, որ աշխարհում բազմաթիվ այլախոհներ կան, ովքեր տարբեր երկրներում լուռ ու համառ պայքարում են ժողովրդավարության հաստատման, մամուլի ազատության, օրենքի իշխանության և մարդու իրավունքների պահպանման համար: Այսպես է սկսում Ադրբեջանի մասին rferl.org կայքում տպագրված իր «10 օր Բաքվում, որ ցնցեցին իմ աշխարհը» հոդվածը հրապարակախոս Կրիստել Ֆրիկեն:
Հիմնական հարցը, որի շուրջ կառուցում է իր հոդվածը Ֆրիկեն՝ արդյո՞ք Ադրբեջանը ժողովրդավարական հանրապետություն է:
«Սահմանադրորեն, իհարկե, ժողովրդավարական է: Սակայն Սահմանադրությունը մի բան է, իսկ քաղաքական մշակույթը և գործնական ոլորտը` մեկ այլ բան: Դե ֆակտո, Ադրբեջանը բռնապետական պետություն է` ամենակարող նախագահի գլխավորությամբ, այս երկրի քաղաքական մարմինները պարզապես հետևում են նախագահի հրահանգներին», – գրում է Ֆրիկեն:
Լրագրողը նշում է, որ Ադրբեջանում ընդդիմությունը ճնշված է, չկա խոսքի ազատություն: Ֆրիկեին զարմացրել է այն փաստը, որ Լիու Սյաոբոյի՝ Նոբելյան մրցանակը ստանալու փաստին չեն ադրադարձել Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները:
Այլախոհներն Ադրբեջանում մեծ գին են վճարում իրենց ժողովրդավարական հայացքների համար: Միակ վայրը, որտեղ նրանք կարող են աշխատանք ստանալ միջազգային հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներն են: Նրանց դեմ դատական գործեր են հարուցվում, եթե նրանք փորձում են հանրային ուշադրություն հրավիրել իրենց գործերի վրա, ապա լրտեսության մեղադրանք ստանալու ռիսկի առաջ են կանգնում:
Հոդվածագիրը նշում է, որ Բաքվում գտնվելու ընթացքում ինքն ականատես է եղել բանտից երկու հայտնի բլոգերների ազատ արձակմանը: Հիշեցնենք, որ Ադնան Հաջիզադեն և Էմին Միլլին բանտից ազատ էին արձակվել միջազգային հանրության ճնշման տակ անազատության մեջ մեկ տարուց ավելի անցկացնելուց հետո:
Ֆրիկեն գրում է, որ բլոգերներից մեկի հայրն իր հին ընկերն է: Մեկ տարի բանտում անցկացնելուց հետո նրա առողջությունը վատթարացել է: Սակայն Բաքվում դժվար է բժիշկ գտնել, ով կհամաձայնի օգնել այլախոհին: Դրանից հետո բժիշկը պարզապես կարող է զրկվել աշխատանքից:
Ֆրիկեն, ով դասախոսություններով էր հանդես գալիս Օտար լեզուների համալսարանում, փորձել է լսարանում հարցնել ուսանողներին՝ արդյոք նրանք տեղյակ են բլոգերների գործից: Սակայն նրանից պահանջել են չխոսել ադրբեջանական քաղաքական կյանքին առնչվող թեմաներից լսարանում: Ֆրիկեն նշում է, որ որոշել է չդիմել այդ քայլին, քանի որ վտանգ կար, որ այն ծրագիրը, որի շրջանակներում ինքը ժամանել է Բաքու, պարզապես կարող են փակել:
Անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարությունը ոտնահարող բարքերին՝ հոդվածագիրը մեջբերում է փիլիսոփա Տեոդոր Ադորնոյի խոսքերը՝ «Սխալ կյանքում ճիշտ կյանք լինել չի կարող»:
«Բռնապետական հասարակարգերում քաղաքական այլախոհների ամենօրյա պայքարը ապացուցում է, որ Ադորնոն սխալվում է: Ինչպես Լիու Սյաոբոն Չինաստանում, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական այլախոհները ցույց են տալիս, որ հնարավոր է ճիշտ ճանապարհ ընտրել, երբ ապրում ես սխալ քաղաքական իրավիճակում: Լինելով Բաքվում՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ է նշանակում ապրել անընդհատ ճնշման տակ որպես քաղաքական այլախոհ: Ես հասկացա, թե ինչ է նշանակում ապրել սխալ կյանքի սահմանագծին` առանց փախուստի տոմս ունենալու: Շատ հեշտ է ճիշտ կյանք վարել ճիշտ հասարակարգի կենտրոնում ապրելիս: Ես չգիտեմ՝ արդյո՞ք ես այդքան խիզախություն կունենայի ճիշտ կյանքով ապրել, եթե ծնված լինեի սխալ հասարակարգում: Ամեն դեպքում, ես գիտեմ՝ Բաքուն փոխեց ինձ», – եզրակացնում է Կրիստել Ֆրիկեն: