Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փորձ է արել առևանգել Թուրքական ավիաուղների «Բոինգ» ինքնաթիռը, որն իրականացնում էր Օսլո-Ստամբուլ չվերթը:
Ինքնաթիռում 67 մարդ է եղել: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկը դիմակ է հագել և սկսել է սպառնալ, որ կպայթեցնի ինքնաթիռը: Հանցագործը պահանջում էր անհապաղ վերադառնալ Նորվեգիայի մայրաքաղաք:
«Սկզբում տղամարդուն մի քանի անգամ զգուշացրեցին, որ նա դադարեցնի սպառնալիքները, այնուհետև նրա վրա հարձակվեց ծանրաքաշ մի ուղևոր: Արդյունքում չարագործը նույնիսկ չկարողացավ շարժվել տեղից»,- տեղական լրատվամիջոցներին պատմել է ուղևորներից մեկը:
Անվտանգության նպատակով ուղևորներին նստեցրել են օդաչուների խցիկի մոտ գտնվող հատվածում, իսկ չարագործին մեկուսացրել են ինքնաթիռի ետնամասում: Ստամբուլում վայրէջք կատարելուց հետո հանցագործը ձերբակալվել է անմիջապես օդանավակայանում: