Թող մեզ հետ արժանապատվորեն վերաբերեն, թող ժողովրդին չնեղացնեն, այսօր խնդիրը ԱԼՄ հեռուստաընկերությանը չի, խնդիրն ընդհանրապես անարդարությունն է, որը մեր տան մեջ մեր հանդեպ ձևավորել են, չգիտեմ ինչու: Եկեք ասենք` ոչ, որ բոլորը լսեն դա: Այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի ընթացքում այսպիսի կոչով է հանդես եկել ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն, Ժողովրդական կուսկացության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նա նշել է, որ թեև ինքն է ձևավորել ԱԼՄ հեռուստաընկերությունը, բայց այն ժողովրդինն է:
«Ես այն ձեզ եմ նվիրում, յուրաքանչյուր ոտնձգություն ժողովրդի հանդեպ է, ինձ չեն զրկել, ձեզ են զրկել, եկեք ասենք` ոչ: Թող այսօր տեսնեն, և մյուս հանրահավաքը կլինի սրա կրկնապատիկը, եռապատիկը», – իր ելույթի ընթացքում ասել է Կարապետյանը:
Հանրահավաքի ժամանակ վերջինս նաև նոր նախաձեռնության առաջարկությամբ է հանդես եկել:
«Ես առաջարկում եմ ստեղծել երևանցիների հայրենասիրական, հայրենակցական միություն, ապարանցիներն ունեն, բոլորն ունեն, լեննականցիներն ունեն, Երևանն էլ պիտի ունենա: Եկեք ասենք այո հայրենակցական միությանը` այո», – հայտարարել է Կարապետյանը:
ԱԼՄ-ի տնօրենի խոսքով այսօր մարդիկ Մատենադարանի մոտ էին հավաքվել իրեն «հարգանքի տուրք մատուցելու համար»:
«Եվ երկրորդը` ամենակարևորը, որ մենք բոլորս պետք է ասենք` ոչ: Գիտեք ինչ, շանը որ տեսնում ես, կոպալը վերցրա ձեռքդ, հերիք էղավ մեզ կծեք, հալածեք: Եվ թող չասեն, թե երկու պապիկ ա եկել էստեղ, էստեղ տղաներ կան, որ հազար արժեն, հըլը նայեք»,- ասել է Տիգրան Կարապետյանը:
Նա նաև հայտարարել է, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը «պիվի բուդկա չի, այն ժողովրդի արժեքն է»:
«Մենք թույլ չենք տա մեր հանդեպ այսպիսի վերաբեմունք, դուք հարգեք մեզ, մենք հարգենք ձեզ, գյուղացուն ջուր տանք, քաղաքացուն` աշխատանք, կեցցե’ հայ ժողովուրդը»,- ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդը:
Նա ասել է նաև, որ այսօրվա իր հրավիրած հանրահավաքը միայն ԱԼՄ հեռուստաընկերության համար չէ, այլ «Ա1+», «Գալա» հեռուստաընկերությունների և «Մարտի 1-ի» համար է:
Տիգրան Կարապետյանը հանրահավաքի ընթացքում նաև հայտարարել է հաջորդ հանրահավաքի մասին. այն կայանալու է հունվարի 19-ին, ժամը 16:00-ին, նույն վայրում:
«Մի լռեցրեք ժողովրդի ձայնը, մի մենաշնորհեք ամեն ինչ, ինչու է լռում կաթողիկոսը, եկեք պայքարենք մեր կյանքի համար, մենք պահանջում ենք մեր կառավարությունից, մեր նախագահից հաշվի նստել ժողովրդի հետ: Մենք ամսի 19-ի հանրահավաքին ցույց կտանք, որ ամսի 20-ին չեն կարող փակել ԱԼՄ-ն: Իսկ հիմա եկեք վառենք մեր մոմերը, վառենք մեր մոմերը միասին, որովհետև կա բարձրագույն դատարան, այնտեղ էլ են պատասխան տալու»,- հայտարարել է Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանի ելույթից հետո հավաքվածները վառել են նախապես իրենց բաժանած մոմերը և ձեռքերը վեր պարզել: