Հինգշաբթի ամերիկյան Մերիլենդ նահանգի կառավարության շենքում երկու պայթուցիկ սարքեր են գործի դրվել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգորի Շիպլին, միջադեպի արդյունքում երկու հոգի թեթև վնասվածք են ստացել, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Պայթուցիկ նյութ պարունակող երկու փաթեթները փոստով ուղարկվել են Հանովեր քաղաքի տրանսպորտի նախարարություն և Անապոլիս քաղաքի վարչական կառույց:
«Այն բանից հետո, երբ փոստային բաժանմունքի աշխատակիցները բացել են փաթեթները, քիմիական ռեակցիա է սկսվել»,- ասել է Շիպլին: Իսկ այն աշխատակիցները, ում ձեռքերում պայթել են փաթեթները, այրվածք են ստացել: Նրանք, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:
Երկու քաղաքների կառավարական շենքերից 400 հոգի տարհանվել են, իսկ մոտակա հատվածները շուրջկալի մեջ են վերցվել իրավապահ մարմինների կողմից:
Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ Անապոլիս ուղարկված փաթեթը ուղղված է եղել անմիջապես նահանգի նահանգապետ Մարտին Օ’Մայլին: Նա չի պարզաբանել, թե որ հասցեից են ուղարկվել փաթեթները, և թե ում է ուղղված եղել Հանովեր ուղարկված փաթեթը:
«Այժմ դրանց մնացորդները հետազոտում են փորձագետները»,- նշել է Շիպլին: