Home / Հայաստան / Սահակաշվիլին շնորհավորել է Վրաստանի փրկության համար արյուն թափած վիրահայերին

Սահակաշվիլին շնորհավորել է Վրաստանի փրկության համար արյուն թափած վիրահայերին

Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հայկական եկեղեցում մատուցած Սուրբ Ծննդյան պատարագին:

Շնորհավորելով ներկաներին` Սահակաշվիլին նշել է, որ բարձր է գնահատում  հայ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի գործունեությունը, որն ուղղված է քաղաքացիների հոգևոր աջակցությանը, ինչպես նաև երկու հնագույն քրիստոնյա ազգերի` հայերի և վրացիների միջև հարաբերությունների զարգացմանը:

«Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել երկու այնպիսի ազգեր, որոնց դարեր շարունակ կապում է ընկերությունը, եղբայրությունը, փոխադարձ աջակցությունը, պատմական ու քաղաքական խնդիրների համատեղ հաղթահարումը: Երկու ազգերի միջև առկա այս կապը ոչ միայն հիմնվում է պատմության վրա, այլև պահպանվում է մինչև օրս և, անշուշտ, կշարունակվի ապագայում: Միաժամանակ Վրաստանի հայերը համարվում են վրացական ազգային ամբողջության, երկրի պետականության զարգացման անբաժան մասնիկը:  Մենք երբեք չենք մոռանա այն փաստը, որ հայերը ոչ միայն իրենց լուման են ներդրել երկրի տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում, այլ նաև այն հանգամանքը, որ շատ հայեր, զենքը ձեռքներին, պայքարել են Վրաստանի անկախության, միասնության և ազատության համար: Վրաստանի փրկության համար նրանք արյուն են թափել»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: