Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում հանդուրժել քրիստոնյաների դեմ ուղղված «կրոնական զտումները» Մերձավոր Արևելքում:
«Մենք չենք կարող թույլ տալ և նպաստել նրան, ինչը ավելի շատ սկսում է նմանվել Մերձավոր Արևելքում կրոնական զտման բացառիկ այլասերված ծրագրի: Ինչպես Իրաքում, այնպես էլ Եգիպտոսում, Արևելքի քրիստոնյաները գտնվում են իրենց տանը»,- հայտարարել է նախագահը Ֆրանսիայում կրոնական համայնքների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական ուղերձում, հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող ղպտական Սրբերի եկեղեցու մոտ տեղի ունեցած ուժեղ պայթյունը խլել էր 23 մարդու կյանք, ավելի քան 100 մարդ վիրավորվել էր: Ոստիկանության տվյալների համաձայն` ամբոխի մեջ պայթուցիկը գործի էր դրել մահապարտ-ահաբեկիչը, որի անձը դեռևս հաստատվում է: Շուտով հայտնի է դարձել, որ իսլամիստները սպառնացել էին ղպտերին ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև եվրոպական եկրներում:
«Ղպտական եկեղեցիների նկատմամբ սպառնալիքներն անընդունելի են Ֆրանսիայում: Իշխանությունները շատ լուրջ են տրամադրված այս խնդրին և կուժեղացնեն անվտանգության միջոցները ուղղափառների Սուրբ Ծննդյան տոնակատարությունների անցկացման ընթացքում»,- նշել է Սարկոզին: