Այսօրվա հայաստանյան իրավիճակը հաճախ փորձ ենք անում բացատրել ավելի վաղ պատմական անցյալով, միջնադարով: Մինչև հիմա վիճում ենք` Վարդան Մամիկոնյանն է ճիշտ, թե Վասակ Սյունին, կամ Աղթամարի գահը, թե Էջմիածնի գահը, մինչդեռ շատ հաճախ միջնադարի հայոց պատմության ազդեցությունն այսօրվա իրականության վրա չափազանցված բնույթ է կրում: Երեկ ՀԱԿ-ին կից գործող «Փոքր Խորհրդի» նիստին հնչեցրած իր ելությում այսպիսի կարծիք է հայտնել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Նրա զեկույցը վերաբերում էր այսօրվա հայաստանյան իրավիճակի վրա սովետական գաղափարախոսության ազդեցությանը և սովետական մարդու կերպարին:
«Ես կարծում եմ, որ շատ չափազանցված է հայոց պատմության միջնադարյան դերի ազդեցությունն այսօրվա վրա: Մեր այսօրվա իրավիճակի արմատները, նախևառաջ, պետք է փնտրել սովետական շրջանում: Եվ այդ համատեքստում շատ ավելի կարևոր է պարզել` Ստալինն էր ճիշտ, թե Տրոցկին: Սա շատ ավելի ակտուալ կարող է լինել, քան Վարդանի և Վասակի վեճը»,- նշել է բանախոսը:
Տեր-Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ փաստի տեսակետից այսօր Հայաստանը դեռ հետսովետական շրջանի մեջ է, այսինքն` սովետական շրջանը լիովին դեռ չի ավարտվել: Այն ամենը, ինչ կա Հայաստանում`սկսած կառուցվածքներից, ինստիտուտներից, մինչև տարբեր տրամաչափի բանավեճեր, սովետականի ձևափոխված շարունակությունն է:
«Կարծում եմ, որ Սովետական Միության ֆենոմենը նաև համաշխարհային տեսակետից առանցքային ֆենոմեն է, որովհետև աշխարհի, նաև արևմտյան աշխարհի շատ արժեքներ, իրականություններ, ինստիտուտներ ձևավորվել են որպես պատասխան սովետական մարտահրավերներին»,- ներկայացրել է հրապարակախոսը: Նրա խոսքով` Խորհրդային Միության փլուզումը շատ մեծ հարց է դնում ամբողջ մարդկության առաջ. նախ այն պատճառով, որ արդար կամ ավելի արդար հասարակության գաղափարի իրագործման ամենաամբիցիոզ փորձը եղել է այդ երկրի ստեղծումը:
Ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ այս դեպքում, երբ փլուզվում է այդ գաղափարի հիման վրա ստեղծված Սովետմիությունը, մարդկանց մոտ հարցականներ են առաջանում հենց բուն գաղափարի վերաբերյալ: «Սովետական Միությունը նաև վերջին ամենաամբիցիոզ, ամենապաթետիկ, ամենամեծ պրոյեկտն էր, որտեղ մարդիկ ինչ-որ ապագայի էին ձգտում, ու երբ այդ պրոյեկտն ավարտվեց, հավատն էլ կորչեց, սկեպտիցիզմ առաջացավ, հավատը կորավ դեպի ցանկացած լայն համաշխարհային փոփոխություն, դեպի այլ մեծ պրոյեկտներ: Սա համաշխարհային պրոբլեմ է, ինչը առկա է նաև Հայաստանում. այսինքն` մենք երկու ձևով առնչվում ենք` նախ որպես սովետական միության անմիջական ժառանգորդներ, և որպես աշխարհի մի մաս», – ասել է Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Սովետական գաղափարախոսության ձևափոխման գործընթացին հետևելը կարևորելով` Տեր-Աբրահամյանն նշել է, որ, ծնվելով որպես հեղափոխական, առաջադիմական գաղափարների վրա հիմնաված մի պրոյեկտ, սովետական միությունը օբյեկտիվ պատճառներով վերածվում է ռուսական կայսերական մտքի և պրոյեկտի ժառանգորդի:
«Սովետական միությունը վերածվում է մի այլ բանի, քան ի սկզբանե նախատեսվել էր, և սա, չնայած շատ բարդ տեսական հարց լինելով, պետք է անպայման գիտակցվի, բացատրվի, որ այսօրվա մեր իրականությունը կարողանանք հասկանալ և տեսնել: Ի վերջո, մենք մինչև այսօր ստալինյան գաղափարախոսության և իրականության մեջ ենք ապրում: Հայաստանի Հանրապետության էլիտան էլ 1937 թվականին Ստալինի ստեղծած էլիտան է: Եվ մարդաբանական տիպը նույնն է. եթե դուք ուշադիր նայեք Սերժ Սարգսյանին, ապա կտեսնեք, որ դա մի մարդկային տիպ է, որն առաջին անգամ հայտնվում է իշխանության մեջ 37 թվականից հետո, երբ մեծ «չիստկա»-ն եղավ, դրանից հետո է միայն այդ մարդաբանական տիպը հայտնվում իշխանության մոտ, մարդ, որը ոչ խոսել գիտի, ոչ որևէ գաղափարի կրող է, այսինքն` կոշտ բյուրոկրատական տիպ է», – ասել է Տեր-Աբրահամյանը:
Ըստ հրապարակախոսի՝ այդ ժառանգությունը չի կտրվել. այժմ ձևական առումով Սովետական Միությունն արդեն չկա, գաղափարախոսությունը չկա, բայց 37-ի վերնախավը դեռ իշխանության մոտ է: Այդ առումով ոչինչ չի փոխվել, ոչ մի իրական հեղափոխություն տեղի չի ունեցել, և Խորհրդային Միության փլուզում էլ, ըստ էության, տեղի չի ունեցել:
«Ոչ միայն վերնախավի, այլ նաև վերնախավի գաղափարախոսության առումով փոփոխություն տեղի չի ունեցել, ինչպես օրինակ, այսօրվա պուտինիզմը նույն ստալինիզմն է` հանած սոցիալիզմի և հեղափոխության մասին` ավելորդ դարձած մնացուկը», – ասել է Տեր-Աբրահամյանը: