Անսփոփելի կորուստ ունեցավ հայ ժողովուրդը. կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մեծանուն արվեստագետ, երաժշտության աշխարհի ամենանուրբ խորքերը թափանցած ու ամենաբարձր գագաթները նվաճած մաեստրո Օհան Դուրյանը։ Այսպես է սկսում Հայ Ազգային Կոնգրեսի հիշատակի և երախտիքի խոսքը՝ ուղղված հռչակավոր երաժիշտ Օհան Դուրյանին, ով իր մահկանացուն կնքեց հունվարի 6-ին:
«Նա այն վաստակաշատ ու երախտավոր մեծերից էր, որի մահը ցանկացած տարիքում աներկիմաստորեն վաղաժամ պիտի համարվեր, և որի ապրած յուրաքանչյուր նոր օրը վաղուց արդեն նվեր ու շնորհ էր իր ժողովրդին։ Ամեն մի նման ահռելի կորստից հետո ազգը մի տեսակ որբացման զգացում, ինքնության խաթարման յուրատեսակ մի վտանգ է զգում: Օհան Դուրյանը տեղափոխվեց Հայոց մեծերի այն երկնային պանթեոնը, որի գոյությունն ու գիտակցումը ամրացնում ու պահպանում է նույն այդ ազգային ինքնությունը», – նշված է Կոնգրեսի ուղերձի մեջ:
Երախտիքի խոսքի հեղինակները նշում են, որ Օհան Դուրյանի կորուստը միայն ազգային չէ՝ նկատի ունենալով նրա արվեստի միջազգային ու համաշխարհային մակարդակն ու ճանաչումը: Տասնյակ միլիոնավոր մարդիկ նրա շնորհիվ մտան այն երաժշտական զարմանահրաշ աշխարհը, որ նրա արվեստի կախարդանքով հնչյունայինից վերածվում էր շոշափելի առարկայականի։
«Օհան Դուրյանի կորուստը միայն արվեստի աշխարհինը չէ՝ նկատի ունենալով նրա ոչ միայն արվեստագետի, այլև Մարդու ու Քաղաքացու բարձրագույն հարգը։ Եթե առողջության բերումով նա վերջին տարիներին արդեն գործնականում չէր կարողանում բեմ բարձրանալ, ապա որպես իր երկրի քաղաքացի, ազատության համար պայքարի մարտիկ, մշտապես, մինչև վերջին օրը բեմի վրա էր՝ ժողովրդի կողքին՝ ընդդեմ անիրավության ու ապօրինության։ Իր կյանքով նա կերտեց մտավորականի ու քաղաքացու այն չափորոշիչ-կերպարը, որի կողքին երևակվելու, սմքելու ու ոչնչանալու է քաղքենիականը, կեղծ հայրենասիրականը։ Մինչդեռ նրա կերպարին ձգտելն ու մերձենալը դառնալու է մարդկային բարձր մի առաքինություն», – ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ։