Հայաստանում օբյեկտիվ դրդապատճառներ չկան դրսից գունավոր հեղափոխություն պատվիրելու համար: Հայաստանի ղեկավարության կայուն հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, երկրի հավասարակշռված քաղաքականությունը վկայում են Հայաստանում գունավոր հեղափոխության անհնարինության և անթույլատրելիության մասին: «Вестник Кавказа» պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն, լինելով ազգային մտածողությամբ առաջնորդվող քաղաքական ուժ, երբեք թույլ չի տա նման սցենարի իրականացում:
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններ մենք լսում ենք 2008 թվականից սկսած, սակայն դա օբյեկտիվորեն անհնար է, քանի որ արտահերթ ընտրությունը «պատվերով համերգ չէ»: Արտահերթ ընտրությունների անցկացումը ցանկացած երկրում հնարավոր է միայն ֆորս-մաժորային իրավիճակներում, սակայն Հայաստանում, փառք Աստծո, նման իրավիճակ չկա և չի էլ ակնկալվում: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք իրավամբ ներքաղաքական դժվարություններ ունեցել ենք, սակայն այդ խնդիրները գործնականում արդեն լուծված կարելի է համարել: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, 2009 թվականին ՀՆԱ-ի 14% անկումից հետո այս տարին մենք փակում ենք արդեն մի քանի տոկոս տնտեսական աճով: Հետևաբար, ժողովրդին արտահերթ ընտրություններ խոստանալով` ՀԱԿ-ը դա անում է միայն նրա համար, որ ինչ-որ բան ասի»,- հայտարարել է Շարմազանովը: