Նալբանդյան 106 շենքի բակում տեղակայված հին մանկապարտեզի շենքն այսօր քանդեցին համաձայն ավելի վաղ կայացրած կառավարության որոշման: Այդ տարածքում եղել են նաև ավտոտնակներ, որոնք նույնպես քանդվել են: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` այդ տարածքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, որի տակ էլ նախատեսվում է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի:
Այդ փաստը հուզել էր մի քանի քաղաքացիների և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության մի քանի անդամների, ովքեր այսօր բողոքում էին տարածում շենք կառուցելու որոշման դեմ: Բնապահպանները և քաղաքացիները նկարում էին տարածքը և լրագրողներին պատմում ստեղծված իրավիճակի մասին:
Epress.am-ի հետ զրույցում այդ տարածքում բնակվող քանդակագործ Անուշ Չուբարյանը, ով քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրն է, ասաց, որ իրենց տան դիմացը գտնվող հողատարածքը, որն իրենցն է պատկանել, այժմ մտել է նոր կառուցվող շենքի տարածքի մեջ:
«3 տարի է դիմում եմ քաղաքապետարան և ուզում եմ հորս հիշատակին մշակութային կենտրոն ստեղծել, գնման թղթերը, կադաստրային թղթերը կային, փաստացի այս տարածքը միշտ մեր կողմից է ցանկապատված և օգտագործվող եղել, սակայն նախագծի մեջ մեր շենքից 1,5 մետր հեռավորությամբ սա մտնելու է այդ գծագրի մեջ: Եթե սա քանդեն, ես իմ հոր գործերը պահելու տեղ չեմ ունենա»,- ասել է Անուշ Չուբարյանը:
Չուբարյանը նշել է, որ բակում, այլ շենքերի միջև կառուցվող 16 հարկանի բարձրահարկ շենքը ճարտարապետական նորմերի խախտում է: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրել է, որ այդտեղ եղել են խաղողի վազեր և այլ ծառեր, որոնք հատվել են:
Հարակից շենքերի բնակիչներից մեկը` Մարիամ Պետրոսյանը, հակառակը, շատ ուրախ էր, որ այդտեղ բարձրահարկ են կառուցելու, վերջինիս հատկապես ուրախացրել է այն, որ շենքի տակ էլ նաև ավտոկայանատեղի են կառուցելու, քանի որ ինքը մեքենա ունի, իսկ այն, որ այդ տարածքում ծառեր են հատվել, Պետրոսյանին չէր հուզում: