Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին:
Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքի մեջ է: Կողմերը պայմանավորվեցին 2011թ. սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Նշենք, որ ծրագրի համաձայն կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը, բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել դրենաժային համակարգ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երևանի քաղաքապետին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: