Home / Հայաստան / Նոր տարուն պասի սեղան. կարո՞ղ ենք վերականգնել ավանդույթները 21-րդ դարում

Նոր տարուն պասի սեղան. կարո՞ղ ենք վերականգնել ավանդույթները 21-րդ դարում

Մեր բնակչությունը տոների մասին հարցին ի պատասխան, առաջին հերթին, ասում է` «դե, սկսում ենք սեղանի պատրաստությունից»: Այսօր տոն և սեղան հասկացությունները ձուլված են և Նոր տարին դրա կուլմինացիան է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Այսօրվա առատ սեղանների երևույթն, ըստ ազգագրագետի, մասամբ պայմանավորված է նրանով, որ «մեր տոնահանդեսների մշակույթը չափազանց աղքատացել է. ունենալով քսանից ավելի պաշտոնական տոն, գոնե տասը հայտնի և գոնե յոթը եկեղեցական տոներ, բազմաթիվ համայնքային տոներ` մենք տոնական մշակույթ փաստացի չունենք»:

«Առատ և ճոխ սեղանները ավելի բնորոշ են աղքատ և ոչ բարեկեցիկ հասարակություններին»,- հավելել է ազգագրագետը` նշելով, որ ուտելիքը չէ, որ պետք է ուրախություն առաջացնի:

«Ինչպիսի մեր հասարակական կյանքն է, այնպիսին էլ նոր տարին է», – իր հերթին, նշել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը: Տոնը, նրա խոսքերով, ենթադրում է հասարակություն, գյուղեր, շրջաններ, մարզեր, հետաքրքիր տներ, որտեղ պահպանված են ավանդույթները և, նշեց, բանախոսը, հետաքրքիր է, թե ինչպես են նրանք տոնում Ամանորը:

«Թվում է, թե եթերի միջոցով պիտի գա, բայց այս չվող մարդկանց խումբը կարող է շուտ հոգնեցնի ամենինչից ընդհանրապես», – ընդգծել է Բլեյանը: Նա արձանագրել է տոնական մշակույթի բացակայությունը և նշել, որ դրա պատասխանատուն է նաև հանրակրթությունը:

Աշոտ Բլեյանը կարևորել է տոնին նախապատրաստվելը, ծիսականը ուսումնական աշխատանքի վերածելը, որովհետև «ընտանիքը դա չի անում, TV-ին չի անում, որտե՞ղ պիտի արվի»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվել է Հրանուշ Խառատյանի, ինչպես նաև մեծ թվով ուսուցիչների և ծնողների հետ, որ 2011 թվականի դեկտեմբերի 30-ը սկսելու են պասի սեղանով և յոթը օր պահելու են այն:

«Ոչ մի ավանդական բան կաղապարով չի կարող վերադառնալ նույն ձևով, ինչպես ինքը եղել է, որովհետև ինքը եղել է այլ մշակությում և այլ ժամանակում», – հավելել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրինակը.

«Նյութն իրենց ձեռքերի տակ կա, նրանք այնքան ստեղծագործական մոտեցում են ցույց տալիս, որ ոչ մի սուպեր մոդեռն, որ պիտի դրսից գա, չի կարող համեմատվել դրա հետ»:

Երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանն էլ կասկած է հայտնել, թե արդյոք հնարավոր է 21-րդ դարում նույնությամբ վերականգնել հին ավանդույթները:

«Մենք մեր ավանդույթները 90 տոկոսով կորցրել ենք, իմաստները կորցրել ենք, մոռացել ենք, կտրվել ենք: Հիմա, երբ որ մենք ուզում ենք վերականգնել, ես սարսափելի դեմ եմ թանգարանային ազգագրությունը բերելուն և մտցնելուն 21-րդ դարի կյանք», – ասաց երգչուհին:

Լիլիթ Պիպոյանի կարծիքով` խնդիրն ավելի բարդ է, քան ավանդույթների վերականգնումը:

«Մենք արդեն ուրիշ մարդիկ ենք, ցանկալի է, որ մենք այդ բաներն իմանանք, բայց մեր ժամանակակից կյանքում մենք արդեն չենք կարող խարույկներ վառել, վրայից թռնել: Այն գործողությունները, որ մարդիկ կատարել են հարյուր տարի առաջ նոր տարուն, մենք չեն կարող հիմա անել», – եզրափակել է երգչուհին: