Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին։
Կարեն Կարապետյանը վարչական շրջանի համար որպես կարևոր անելիք մատնանշեց գույքագրումը, որը ներառում է բնակչության սոցիալական խնդիրների, բազմաբնակարան շենքերի, համատիրությունների, կրթամշակութային կենտրոնների, այգիների, պուրակների, փողոցների, բակային տարածքների առկա վիճակի գնահատում։
«Եթե մենք կարողանանք վարչական շրջանի անձնագիրն ու ախտորոշումը ճշգրիտ կազմել, կկարողանանք նաև արդյունավետ կառավարել։ Վարչական շրջանի գործառույթը բնակչության և այդ տարածքում գտնվող իրավաբանական անձանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է»,- նշել է Կարեն Կարապետյանը` հավելելով, որ վարչական շրջանը պետք է բաց լինի և հստակ իմանա, թե բնակիչն ինչի կարիք ունի։ Վարչական շրջանը պետք է կարողանա նաև կանխատեսել, թե մոտ ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են ծագել։
Քաղաքապետը նշեց, որ, վարչական շրջանների ղեկավարներից ամենամսյա հաշվետվություններ է պահանջելու` ընդգծելով, որ քաղաքային կառավարման համակարգի բարելավումը քաղաքապետարան, վարչական շրջան և համատիրություն մակարդակներում անհրաժեշտություն է։