Չեչնյայի առաջնորդ Ռամզան Կադիրովը պահանջել է ամբողջությամբ արմատախիլ անել հարսնացուներ փախցնելու ավանդույթը, այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին նման փորձ էր արվել Գելդագեն գյուղում:
Միջադեպի արդյունքում պաշտոնանկ էին արվել գյուղի ղեկավարն ու գյուղական մզկիթի իմամը:
«Այս միջադեպը հաստատում է, որ իշխանության տեղական մարմինները լավ չեն իրականացնում իրենց պարտականությունները և ամբողջությամբ չեն վերահսկում իրավիճակը: Տարածաշրջանում առևանգման դեպքի մասին տեղյակ են եղել բոլորը, սակայն ոչ իրավապահ մարմինները, ոչ տարածաշրջանի ղեկավարը ոչ մի միջոց չեն ձեռնարկել միջադեպի հետ կապված: Նման պահվածքը կարելի է գնահատել որպես վարչական ղեկավարների անտարբերության դրսևորում և նրանց կողմից շրջանում իրավիճակի վերահսկման բացակայություն»,- ասել է Կադիրովը:
«Մենք մահմեդական ենք և մեր կրոնը դատապարտում ու չի ընդունում առանց աղջկա համաձայնության կայացած ամուսնությունները: Ես բազմիցս հայտարարել եմ և կրկնում եմ, որ մենք մեր հասարակական կյանքից արմատախիլ կանենք այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին է հարսնացու առևանգելը»,- ընդգծել է Կադիրովը: