Home / Հայաստան / Սահմանափակումներ, ճնշումներ, օլիգարխներ. Հայաստանը Freedom House-ի աչքերով

Սահմանափակումներ, ճնշումներ, օլիգարխներ. Հայաստանը Freedom House-ի աչքերով

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2010» զեկույցը, որում վերլուծության են ենթարկվում 2009 թվականին աշխարհի 194 երկրներում տեղի ունեցած իրադարձությունները:
Freedom House-ը չորրորդ տարին անընդմեջ աշխարհում ազատության մակարդակի նվազում է արձանագրում: Հայաստանը, ինչպես և 2009 թվականի զեկույցում, կրկին դասվել է մասնակի ազատ երկրների շարքին: Նշենք, որ Freedom House դասակարգման աղյուսակում երկրները բաժանվում են երեք չափանիշներով` ազատ, մասնակի ազատ և անազատ:

Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2009 թվականի մայիսին իշխող Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ` հաստատելով իրենց թեկնածուին Երևանի քաղքապետի պաշտոնում:

Կառավարության պաշտոնատար անձանց շրջանակներում տարածված է կաշառակերությունն ու բարեկամական կապերի հիման վրա ստեղծված աշխատանքային թիմերի առկայությունը, սակայն նրանք հազվադեպ են պատժվում կամ պաշտոնանկ արվում պաշտոնական դիրքի չարաշահման համար: Կաշառակերությունը լուրջ խնդիր է համարվում իրավական դաշտում: Transparency International կազմակերպության 2009 թվականի կոռուպցիայի ցուցիչով Հայաստանը 180 երկրների շարքում 120-րդ տեղն է:

Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներ կան: Իշխանությունները ոչ պաշտոնական մեթոդներ են կիրառում վերահսկելու համար հեռուստաալիքների գործունեությունը, որն այսօր շատ հայերի համար տեղեկատվություն ստանալու առաջատար միջոցն է: Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը միակ հեռուստաալիքն է, որը հեռարձակվում է երկրի ամբողջ տարածքում, իսկ շատ մասնավոր ալիքների ղեկավարներ անձնական կապեր ունեն իշխանությունների ներկայացուցիչների հետ: Անկախ լրտվական միջոց համարվող «Ա1+» ընկերությունը 2009 կրկին մերժում ստացավ արտոնագիր ձեռք բերելու հարցում, թեև 2008 թվականին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը «Ա1+»-ի գործունեության վերսկսման վերաբերյալ որոշում էր կայացրել:  Լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունը նույնպես լուրջ խնդիր է: Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն հաղորդում է, որ 2009 թվականին հեռուստատեսային լրագրողների և մեկնաբանների հանդեպ  կիրառված բռնության դեպքերը կտրուկ աճել են թե իրենց դաժանության և թե հաճախակիության մակարդակով: Նույն տարվա ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել Armenia Today էլեկտրոնային լրատվական կայքի հիմնադիր-խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, իսկ մեկ շաբաթ անց հարձակում է տեղի ունեցել «Շանթ» հեռուստաալիքի լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա:  Amnesty International-ը հաղորդում է, որ լրատվական միջոցները, որոնք ցուցադրում են քաղաքական ընդդիմադիրների ելույթները, հաճախ հալածվում են: Իշխանությունները սովորաբար չեն խառնվում համացանցին մատչում ունենալու հարցերին:

Քաղաքացիներն իրավունք ունեն սեփականություն ունենալ և անձնական բիզնես հիմնել, սակայն աչ արդյունավետ գործող և հաճախ կոռումպացված արդարադատության համակարգը և անարդար մրցակցությունն առևտրային ոլորտում խոչընդոտում են նման գործունեության ծավալմանը: Արդյունաբերությունը շարունակում է մեծապես կենտրոնացած մնալ, այսպես կոչված, օլիգարխների և ազդեցիկ պաշտոնավորների ձեռքում:

Վերջին ընտրական ձևաչափի համաձայն` խորհրդարանի պատգամավորների 15 տոկոսը պետք է կանայք լինեն: Հայաստանում Ազգային ժողովի 130  պատգամավորներից ընդամենև 12-ն են իգական սեռի ներկայացուցիչներ: Ընտանեկան բռնությունը և կանանց ու աղջիկների թրաֆիքինգը նույնպես ծանր խնդիրների թվում է:  Թեև 2003 թվականից միասեռականությունն այլևս քրեապես հետապնդելի չէ, միասեռականների նկատմամբ շարունակվում են բռնություններն ու ձերբակալությունները:

Նշենք, որ Freedom House ցուցակում Թուրքիան և Վրաստանը նույնպես դասվում են են մասնակի ազատ երկրների շարքում: Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը ներառված են անազատ երկրների շարքում: