Home / Հայաստան / Օհան Դուրյանի այրին համբերություն է մաղթել Հայ Ազգային Կոնգրեսին

Օհան Դուրյանի այրին համբերություն է մաղթել Հայ Ազգային Կոնգրեսին

Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր մոմավառություն` ի հիշատակ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի:

Միջոցառման ընթացքում հավաքվածները ձեռքերում վառվող մոմեր էին պահում, ինչպես նաև մոմեր էին դրել Սարյանի արձանի պատվանդանին, որտեղ նաև խունկ ծխեցին:

Հիշեցնենք, որ մեծանուն մաեստրոն կյանքից հեռացել է հունվարի 6-ին, և այսօր լրանում է նրա մահվան յոթերորդ օրը:

Միջոցառմանը մասնակցում էին Կոնգրեսի ներկայացուցիչները, այստեղ էր ժամանել նաև Օհան Դուրյանի այրին` Ալիս Դուրյանը:

Մոմավառությունից հետո հավաքվածները ծափողջյուններով հարգեցին մաեստրոյի հիշատակը` իր կնոջ թույլտվությամբ, ով նշեց, որ Դուրյանի համար միշտ էլ կարելի է ծափահարել:

Ալիս Դուրյանը նաև իր մաղթանքներն է հղել Հայ Ազգային Կոնգրեսին:

«Ձեզ համբերություն, որ պայքարեք և հաղթանակի հասնեք, որպեսզի նրա հոգին էլ հանգիստ լինի», – ասել է նա:

Նշենք, որ մոմավառությունն ուղեկցվում էր մասետրոյի դիրիժորությամբ երաժշտության ներքո: