Երեկ ՀՀ կառավարության շենքի առջև պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները զննելով` օրաթերթը ուշագրավ փաստ է արձանագրել:
Արձանագրեցինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչախետ Արմեն Գևորգյանի`002 LL 55, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի `001 LL 55, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի`012 LL 55, սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանի 088 LL 55, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի `009 LL 55, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի`001 LU 01 ծառայողական մեքենաներն ապահովագրված չեն: Ոմանք անգամ հերթական տեխնիկական զննություն չեն անցել: Մեքենաների դիմապակիների վրայից բացակայում են թե՛ ապահովագրության , թե՛ տեխզննության կտրոնները: Հետաքրքիր է, ՀՀ ոստիկանությունը կտուգանի՞ ծառայողական մեքենաների սեփականատեր նախարարություններին և նախարարական վարորդներին: Նկատենք , որ սովորական քաղաքացիներն արդեն տուգանվել են: Իսկ ավելի հետաքրքիր է, որ հենց երեկվա նիստում իր խոսքի ժամանակ վարչապետը անդրադարձել է ԱՊՊԱ-ների ներդրման կարևորությանը` համարելով այն «լրջագույն բարեփոխում», և նույնիսկ ասել` «2011-ը այդ առումով բեկումային է լինելու, որովհետև կձևավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցներ: Ինչը ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգին, և այս ոլորտում նոր մտածողություն է ներդրվելու` բավական լուրջ հետևանքներով»: