Հունվարի 15-ին Վանաձորում ծրագրված Ժողովրդական կուսակցության հանրահավաք անցկացնելու հայտը մերժել են:
Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Այունուամենայնիվ, Կարապետյանը նշել է, որ իրենք միևնույնն է անելու են իրենց հանրահավաքը: Հունվարի 16-ին Ժողովրդական կուսակցությունը հանրահավաք կանցկացնի Հրազդանում, 17-ին` Գյումրիում, 19-ին` Երևանում:
Խոսելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին` Կարապետյանն ասել է, որ «իրենց դռները բոլորի համար բաց են»:
Ժողովրդական կուսակցության առաջնորդի խոսքով` իր շուրջը համախմբվում են բոլոր արդար ուժերը: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Կարապետյանը միանա Հայ Ազգային Կոնգրեսին, նա ասել է.
«Թող ՀԱԿ-ը մեզ միանա, ես ինչի՞ պիտի միանամ ՀԱԿ-ին»: Նրա խոսքով` ՀԱԿ-ն արդեն անհանգստանում է իր հանրահավաքներից, այդ պատճառով էլ հունվարի 18-ին հանրահավաք է անելու:
Epress.am-ի հարցին ի պատասխան, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ հունվարի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք չի նախատեսում:
Խոսելով իշխանությունների մասին` Կարապետյանն ասել է, որ 13 տարի իշխանությունները` «ինչ ուզել, արել են»:
«19-ի հանրահավաքից հետո կտեսնեք` ով ա մնալու, ով չէ: ժողովուրդը հոգնել է այդ խաղերից: Այն, որ երկիրը կործանվում է, դա ակնհայտ է: Ես փող չեմ ուզում, ես հայ ժողովրդի համար նորմալ կյանք եմ ուզում»,- ասել է Տիգրան Կարապետյանը:
Նա տեղեկացրել է, որ Ժողովրդական կուսակցությունը անպայմանորեն մասնակցելու է ԱԺ ընտրություններին:
«Եթե վարչապետը հրահանգ է տալիս նախարարներին, որ ծրագրերը համահունչ լինեն ՀՀԿ-ի և նախագահի գործողությունների հետ, մենք էլ պիտի պատրաստվենք: Ի՞նչ ա մենակ իշխանությունը պիտի օգտագործի վարչական ռեսուրսը»,- ասել է Կարապետյանը:
Այսօրվա ասուլիսին մի քանի հեռուստաընկերությունների ներկայության փաստը Կարապետյանը բնորոշել է հետևյալ կերպ. «Սենսացիա են ման գալիս»: