Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստների՝ 2010 թվականի նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա անցկացնելու ժամանակ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց հետո հարուցված քրեական գործը կարճվել է: Այդ մասին վկայող փաստաթուղթը Epress.am-ին են տրամդրել ՀԱԿ ակտիվիստները:
Բերման ենթարկված երիտասարդներն էին Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը և Վահագն Գևորգյանը: Հիշեցնենք, որ երիտասարդները տարբեր հարցազրույցներում նշել էին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել թե բերման ենթարկելիս, թե ոստիկանությունում:
Երիտասարդներին պարբերաբար կանչում էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հարցաքննության: Նրանք ներկայնում էին, բայց հարցաքննությունից հրաժարվում էին:
2010 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական բաժնի քննիչ Ա. Ապրեսյանը` վերանայելով իր վարույթում գտնվող երիտասարդների գործը, որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճել:
Համաձայն հիմնավորման, նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդները հասարակական կարգը կոպտորեն խախտելու դիտավորություն չեն ունեցել, իրենց այդ գործողություններով փորձել են դժգոհություն արտահայտել իշխանության նկատմամբ և միջզգային հանրության ուշադրությունը գրավել: Այդ պայմաններում նրանց գործողություններում խուլիգանության հանցակազմը բացակայում է:
«Նախաքննության ընթացքում երիտասարդների կողմից` կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Սամվել Համբարձումյանի կյանքի կամ առողջության համար վտագավոր բռնություն գործադրելու հանգամանքը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում երիտասարդների գործողություններում ՀՀ քր. Օր.-ի հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները բացակայում են», – ասված է հիմնավորման մեջ:
Փաստաթղթում նշված է նաև, որ երիտասարդները դիմել են «Արմենիա» բժշկական կենտրոն և ներկայցրել են բուժզննման փաստաթղթեր, որոնցում նշված է, որ Սարգիս Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնք, ինչպես նշված է ներկայացված փաստաթղթում, հնարավոր է հասցված լինեն բութ, կոշտ առարկաներով: Փաստաթղթում նշված է նաև, որ ոստիկան Սամվել Համբարձումյանը ևս մարմանական վնասվածք է ստացել:
Ինչ վերաբերում է Համբարձումյանի այն պնդմանը, որ Վահագն Գևորգյանը քաշքշուկի ընթացքում հարվածել է իր գլխին, ապա գործի վարույթի ընթացքում ներկայացված տեսաձայնագրության զննությամբ նշված հանգամանքը հիմնավորող կադրեր չեն հայտնաբերվել: