Նախկին քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին նամակ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ անդրադառնալով «Արթիկ» ՔԿՀ-ին, որտեղ պահվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:
Գասպարին նամակում հայտնում է, որ 2010 թվականի նոյեմբեր ամսից ինքն «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին է ուղարկում պատվիրված վերադարձի ստացականով նամակներ:
«Նույն կարգով 2010 թվականի դեկտեմբերի 27-ին եմ ուղարկել մի նամակ, սակայն այս անգամ ստացել եմ նամակի հանձնման վարդագույն ստացականը, որի վրայի ստորագրությունը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին: Փաստացիորեն այլ անձնավորությունն է ստորագրել նրա փոխարեն», – նշում է Գասպարին՝ իր նամակին կից ՀՀ արդարադատության նախարարին ուղարկելով ճիշտ և կեղծված 2 տարբեր ստացականների պատճենները: Գասպարին նշել է, որ նախկինում նրան առաքել են ստացականը, որի վրա գրված է եղել՝ «Նիկոլ Փաշինյան, քաղբանտարկյալ» և դրված է եղել Փաշինյանի իրական ստորագրությունը, մինչդեռ վերջին ստացականի վրա այլ ստորագրություն է:
Նամակում նախկին քաղբանտարկյալը խնդրում է պարզել «Արթիկ» ՔԿՀ-ի այն ծառայողի ինքնությունը, որը կեղծել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, և նրան ենթարկել պատասխանատվության:
Գասպարին նշում է, որ ակնկալում է Արդարադատության նախարարի շուտափույթ սպառիչ պատասխանը: Նամակի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: