«Մեկ ամիս է, ինչ ես պաշտոնավարում եմ Արդարադատության նախարարի պաշտոնում: Այսօր հանդիպման նպատակները մի քանիսն են` նպատակ առաջին` Արդարադատության նախարարությունը որպես հայտարարություն պատրաստ է բայց երկխոսության մամուլի հետ` սա որպես պոստուլատ փորձենք ընդունել, երկրորդ` առկա խնդիրները ներկայացնելը, և երրորդ` այն փիլիսոփայությունը ներկայացնելը, որով պատրաստվում ենք լուծել այդ խնդիրները: Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել մամուլին, որ ինձ սվիններով չընդունեցին, թեպետ իմ գործընկերներն ասում են, որ դա ժամանակավոր է», – այսպես է իր պաշտոնավարման առաջին ասուլիսը սկսել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Խնդիրների լուծման փիլիսոփայությանն անդրադառնալով` նախարարը ուղղակի հայտարարել է` «ոչ» կարճաժամկետ պոպուլիստական լուծումներին և «այո» հեռանկարային ինստիտուցիոնալ լուծումներին:
Հրայր Թովմասյանն անդրադարձել է Արդարադատության նախարարություն-զանգվածային լրատվամիջոցներ, նախարարություն-ժողովուրդ և նախարարության խնդիրներ որպես այդպիսին հարաբերություններում իր պատկերացումներին.
«Ի դեմս ԶԼՄ-ների` տեսնում եմ զինակիցներ իմ համակարգում առկա խնդիրները լուծելու գործում: ԶԼՄ-ներին ես դիտարկում եմ որպես օրգանիզմում նյարդային համակարգի ֆունկցիա կատարողների. դա օրգանիզմում առկա ֆունկցիոնալ խանգարումների մասին ուղեղին տեղեկացնելն է»,- ասել է Թովմասյանը:
Նա անդրադարձել է նորտարական համակարգին, և նշել, որ քանի որ այսօր նոտարների գործը շատ ծանրաբեռնված է և նոտարական գրասենյակների առջև հերթեր են գոյանում, ապա նոտարիատների թիվն ավելացվելու է:
Քրեակատարողական հիմնարկներին անդրադառնալով` Հրայր Թովմասյանն ասել է, որ այնտեղ շատ են խնդիրները և, մասնավորապես, անդրադարձել է բանտարկյալների մոտ առկա բջջային հեռախոսներին, որոնք օրնեքով արգելված են:
«Կարելի է գնալ, մեկ-երկուսին բռնել, պատժել, մի տասը օր չեն ունենա, հետո էլի կունենան, միգուցե, այնտեղ այնպիսի սարքավորումներ տեղադրենք, որ ընդհանրապես կապ չգործի, այսինքն` լուծումներն էս կարգի են»,- ասել է նախարարը: